Exclusive! Յուլյա Վիդոլոբ. «Հայ դիզայներները գեղեցիկ ու նրբորեն են միահյուսում իրենց աշխատանքներում ազգային ժառանգությունը։ Արժի դա սովորել նրանցից»

12:23   3 հուլիսի, 2019

Ինչպես ցույց տվեց Fashion Forum Yerevan-2019-ը, ոճային ամսագրերի գլխավոր խմբագիրներին, անկախ ինտերնետ պարբերականների խմբագիրներին, բլոգերներին մեկ հարթակում միավորելը (իհարկե, տարբեր ժամերի, որովհետեւ ժամանակի թափանիվը դեռ մեզ չի հասել) միանգամայն իրատեսական է։ Համաժողովի շրջանակում Երեւան է եկել ռուսական The Blueprint ինտերնետ պարբերականի գլխավոր խմբագիր Յուլյա Վիդոլոբը. եկել է, որ պատմի անկախ առցանց մեդիաների ընդհանուր կոդերի եւ ալգորիթմերի մասին։ Նաեւ բացահայտի որոշ առանցքային խաղաթղթեր անմիջականորեն The Blueprint խաղում, որոնք թույլ կտան հիասքանչ եւ փոխհատուցվող նախագիծ անել ոչ թե սեղանին մնալու, այլ ընթերցողի համար։

Նորաոճ պարբերականի ու ինտերնետ պլատֆորմի ընդհանուրը (այդ թվում սոցիալական մեդիաներում) գեղեցիկ, որակյալ նկարն է կամ տեսանյութը։ Սեփականը, ակնհայտ ձեռագրով ու փրոդաքշընի եզակի ոճով։ Կաեւոր թեզ. լավ նկարահանման, գրաֆիկայի համար չպետք է խնայել ոչ ժամանակ, ոչ ուժ, ոչ միջոցներ։ Որպես արդյունք՝ ընթերցողների նոր լսարանի ներգրավում եւ գովազդատուներ, որոնք գալիս են «նույնից եմ ուզում» խնդրանքով։

The Blueprint-ի համար կարեւորը «արագ-դանդաղն» է. պարբերականի լուրերի բաժինը արձագանքում է տեղեկատվական առիթներին արագացված ռեժիմով, իսկ ահա մեծ նախագծերը եւ արշավներն արվում են հանգիստ, չափավոր ու առանց ժամանակի հետ մրցավազքի մեջ մտնելու՝ ապահովելով տպագիր պարբերականի որակը ցանցում։

Կարելի է եւ չպետք է վախենալ լոնգրիդներ անելուց, պատմել պատմություններ, խոսել արդիական թեմաների մասին ընթերցողի համար հասկանալի լեզվով, առանց բարոյախրատականության ու խրատների։ Արդյունաբերական գործընթացների ըմբռնումը չի խանգարում սիրել, ցանկանալ եւ գնել իրեր, ընդհակառակը, օգնում է պարզել հարաբերությունները նորաձեւության հետ, գտնել սեփական տեղը եւ սպառմանը մոտենալ գիտակցաբար։

Հատուկ NEWS.am STYLE-ի համար մենք խնդրեցինք Յուլյային պատմել նաեւ այն մասին, թե ինչպես է նորաձեւության ինդուստրիան արձագանքում սոցիալական մեդիաների մոնստրատիպ պոպուլյարությանը, որքանով է կործանարար արագ մոդան (fast fashion), եւ հայ դիզայներներից ում է հետեւում նա...

2015 թվականին դիզայներ Տիգրան Ավետիսյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ նորաձեւության ինդուստրիայի աշխարհում «մութ սենյակներ» են մնացել՝ չբացահայտված գաղափարներով, չպատմված պատմություններով: Այսօր արդյո՞ք տեղ կա իսկապես ինչ-որ նոր բանի համար:

Չեմ կարծում, որ երբեւէ ժամանակաշրջան կլինի, երբ ընդհանրապես բոլոր գաղափարները կսպառվեն: Բոլոր ժամանակներում այնպիսի զգացողություն է առաջացել, որ ամեն ինչ հորինված է, ասված, արված: Բայց նաեւ բոլոր ժամանակներում մշտապես հայտնվում է որեւէ մեկը՝ արտակարգ, նոր, լուսավոր գաղափարներով:

Սոցիալական մեդիան, որը հիմա աննախադեպ հանրաճանաչություն ունի, արդյոք ճնշո՞ւմ է fashion-լրագրողի աշխատանքի եւ ընդհանրապես պարբերականի գործունեության վրա:

Ես դա չէի ընկալի որպես ճնշում: Այսպիսի սկզբունք կա. եթե դու թշնամի ունես, ապա փորձիր նրան քո ընկերը դարձնել: Գրեթե նույնպիսի պատմություն է նաեւ սոցիալական մեդիայի դեպքում. անհրաժեշտ է հասկանալ մեխանիզմները, նրանց գործելու սկզբունքները, աշխատել նրանց հետ, այդ ռեսուրսն օգտագործել քո շահերի համար: Մենք փորձում ենք մեր ընթերցողի հետ շփվելու համար օգտվել, օրինակ, «Ինսթագրամի», առաջարկած ամբողջ գործիքակազմից՝ լուսանկար, հրապարակման հոլովակ, սթորիսում կոնտենտ, հարցումներ եւ քվեարկություն...

Սոցիալական մեդիան իսկապես շատ հնարավորություններ է առաջարկում, որոնցից պետք է կարողանալ արդյունավետ օգտվել:

Հայ դիզայներներից ո՞ւմ եք հետեւում:

Հետեւում եմ Վահան Խաչատրյանին, ինձ անչափ դուր է գալիս, թե նա ինչպես է իր հավաքածուներում օգտագործում կերպարվեստը, պրինտները: Տիգրան Ավետիսյանին վաղուց եմ հետեւում: Աշխատում եմ հետեւել դիզայներներին, որոնց հետ ծանոթացել եմ Pitti Super - Loom Weaving-ում, Kivera Naynomis-ում: Ինձ հաճելիորեն զարմացրեց այն, թե հայ դիզայներներն իրենց աշխատանքներում որքան գեղեցիկ եւ նրբորեն են միահյուսում ազգային ժառանգությունը, արհեստների ավանդույթները: Արժի դա նրանցից սովորել:

Արագ նորաձեւությունը չարի՞ք է

Արագ նորաձեւությունը ո՛չ բարիք է. ո՛չ չարիք: Ինչպես ժամանակակից աշխարհի շատ այլ գործընթացներ, այս թեման իսկապես բարդ է դարձել:

Մի կողմից արագ նորաձեւությունը բարիք է: Հիշում եմ այն տարիները, երբ եկամտի բավարար բարձր մակարդակ չունեցող մարդու համար անչափ դժվար էր հագնվել: Հիմա այս խնդիրը լուծվել է:

Մյուս կողմից՝ գերարտադրությունը վիթխարի խնդիր է: Մեծ թվով խոշոր fast fashion մակնիշներ այս հարցը ներառում են իրենց օրակարգ՝ փորձելով լուծումներ գտնել: Ընկերությունները հասկանում են, որ այլապես ուղղակի փակուղի կմտնեն:

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը կազմակերպում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Անի Մովսիսյան

Լուսանկարները՝ Fashion and Design Chamber of Armenia

 



© NEWS.am STYLE