Ճանապարհորդի գրառումները. Ջեյմս Բոնդի կղզին (մաս I)

22:39   5 հուլիսի, 2013

Թայլանդում բազմաթիվ հետաքրքիր եւ խորհրդավոր վայրեր կան, ուր ցանկանում ես այցելել: Բայց այս էքսկուրսիան առանձնանում է մյուսներից: Դուք այստեղ դիմակով չեք լողա արտասովոր մաքուր, թափանցիկ ջրում, չեք զմայլվի սպիտակ ավազի նրբությամբ, այստեղ ձեզ այլ տպավորություններ եւ զգացողություններ են սպասում:

«Մեծ ցամաքի» եւ Փհուկետ կղզու միջեւ, հյուսիս-արեւելյան հատվածում գլխավոր տեսարժան վայրերից մեկը Փհանգ-Նգա ծոցն է՝ տարբեր չափերի եւ ձեւերի բազմաթիվ կղզյակներով: Միլիոնավոր տարիներ առաջ Փհուկետը մայրցամաքի մաս է կազմել: Հետագայում այն հեռացել է եւ բաժանվել փոքր կղզյակների: Դրանցից մեծերը շուրջ 40-ն են, իսկ ահա փոքրերը՝ ավելի քան 100-ը:

Դատելով գովազդներից՝ կղզիներ կարելի է հասնել երեք միջոցով.

- Սփիդբոտով (երեք շարժիչով ճեպընթաց նավեր) - ինչպես հետո պարզեցինք, դրանք ավելի շատ կղզիներ եւ գեղեցիկ վայրեր են այցելում:

- Լոնգթեյլով (երկար եւ նեղ նավակներ) – դրանք ավելի շատ են մոտենում ափերին, այդ պատճառով տեսարաններն ավելի լավն են:

- Երկու տախտակամածով մեծ նավով - չնայած ճանապարհն ավելի երկար է տեւում, բայց դրանով լողալն ավելի հարմար է: Այնտեղ նաեւ փչովի մակույկներ կան, որտեղ տեղավորվում են 2 զբոսաշրջիկ՝ թայլանդացի նավավարի հետ:

Մենք ավելի հանգիստ զբոսանք էինք ցանկանում, այդ պատճառով մեծ նավ ընտրեցինք: Նախ բոլոր ցանկացողներին վերցնում են հյուրանոցներից եւ միկրոավտոբուսով տանում մինչեւ նավամատույց: Կախված հյուրանոցի հեռավորությունից՝ ճանապարհը տեւում է կես ժամից մինչեւ մեկուկես ժամ: Պատուհանից այն կողմ հիասքանչ տեսարաններ են: Եվ ահա մենք Աո Պո նավահանգստում ենք:

Թայլանդացիների առաջարկած մեկ գավաթ սուրճից եւ բուլկիներից հետո, մենք տեղ գրավեցինք երկհարկանի գեղեցիկ նավի վրա: Հայ-ռուսական մեր խմբից բացի, այստեղ զբոսաշրջիկներ կային Ճապոնիայից, Գերմանիայից եւ Եվրոպայի այլ երկրներից: Նրանց, ովքեր դժվար են տանում ծովային ճամփորդությունները, դեղին հաբեր են տալիս: Մինչեւ առաջին կանգառը շուրջ 40 րոպե է տեւում, այդ պատճառով հնարավորություն ունեք հանգստանալ կամ զբոսնել նավի վրա: Առաջին հարկում տեղակայված են խոհանոցը եւ թիերով փչովի մակույկները: Երկրորդ հարկում հանգստացողներն են, իսկ անձնակազմը նրանց զվարճացնում է տարբեր հնարքներով, կատակներով, պարերով: Զգացվում է, որ ճապոնացիներին դուր է գալիս այդ ներկայացումը. նրանք ծիծաղում են եւ բարձր ծափահարում: Սառնարանից կարելի է միրգ եւ զովացուցիչ ըմպելիք վերցնել:

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE