Վաղը կարմիր գորգի արարողությամբ կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը. պաշտոնական բացման մանրամասները

15:34   6 հուլիսի, 2019

Վաղը` հուլիսի 7-ին, կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնը: Պաշտոնական բացման արարողությունն այս տարի կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգայի դահլիճում: Որպես բացման ֆիլմ ընտրվել է «Կաննի» կինոփառատոնի հաղթող` կորեական արտադրության «Մակաբույծները» ֆիլմը:

«Ուրախ եւ հպարտ ենք, որ նման հնարավորություն է մեզ ընձեռվել փառատոնը բացել հաղթական ֆիլմով: Փառատոնի շրջանակում այս տարի կունենանք նաեւ 3 բացօթյա ցուցադրություն, որոնք նախատեսված են հուլիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճում»,-այսօր` հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այս տարվա միջցառումն ավելի մասշտաբային են պատկերացնում, այդ պատճառով էլ ընտրվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

«Մեծ տարածք, շատ հանդիսատես... Նախատեսում ենք, որ այս տարի, իսկապես, ավելի շատ մարդիկ կգան ֆիլմեր դիտելու»:

Ի դեպ, կազմակերպիչերը նախազգուշացնում են` այս տարի ֆիլմերի ցուցադրություններն ավելի խիստ են անցնելու: Ուշացած հանդիսատեսին թույլ չի տրվելու մտնել դահլիճ, քանի որ ըստ փառատոնի տնօրենի` դա անհարգալից վերաբերմունք է ֆիլմի ստեղծողների եւ հանդիսատեսի հանդեպ: Ինչ վերաբերում է տոմսերի գներին` մինչեւ 18:00-ի ցուցադրությունների տոմսերն արժեն 1000, երեկոյան ցուցադրություններինը` 2000 դրամ:

Կինոփառատոնի բացումը կմեկնարկի ժամը 17:30-ից` կարմիր գորգի արարողությամբ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE