Սառա Ջեսիկա Փարկերը ցանկացել է հեռանալ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից ոտնձգությունների պատճառով

19:19   8 հուլիսի, 2019

Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարկերը սենսացիոն խոստովանություն է արել. «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի նկարահանումների ընթացքում նա բախվել է ոտնձգությունների։ Այս մասին նա պատմել է Fresh Air-ի եթերում, որի ձայնագրությունը հրապարակվել է NPR կայքում։

Sarah Jessica Parker on red carpet event

Քերի Բրեդշոուի կերպարը մարմնավորող դերասանուհին խոստովանել է, որ աշխատել է «մեծ կինոաստղի» հետ, սակայն թեեւ սերիալի գլխավոր աստղերից մեկն էր, իրեն անուժ է զգացել՝ հակահարված տալու համար տղամարդուն, որն անպատշաճ վարքագիծ է դրսեւորել։

Փարկերի խոսքով՝ իր գործակալն է օգնել լուծել խնդիրը։ «Ես գնացի գործակալիս մոտ, քանի որ ի վիճակի չէի փոխանցել՝ որքան անհարմար եմ զգում այդ իրավիճակից, որքան անվայել է դա։ Ամեն ինչ փոխվեց մի քանի ժամվա ընթացքում։ Նա թիմին ասաց. «Եթե դա շարունակվի, ես նրա համար տոմս կգտնեմ, եւ նա չի վերադառնա»»,- հիշել է արտիստը։

Հարցազրույցում Սարան պատմել է, որ միայն 6-7 ամիս առաջ #MeToo շարժման շնորհիվ գիտակցել է, որ բազմաթիվ դեպքերի հետ է առնչվել, երբ տղամարդիկ սարսափելի վարքագիծ են դրսեւորել։

#MeToo գլոբալ շարժումը սկսվել է դերասանուհի Ալիսա Միլանովի Twitter-յան գրառումից, որը հրապարակվել է 2017թ.-ի հոկտեմբերի 17-ին։ Նա բոլորին, ովքեր երբեւէ սեռական ոտնձգության են բախվել, կոչ է արել իր հրապարակմանը պատասխանել «Ես եւս» բառերով (Me too)։ Ամերիկյան հետազոտողները հաշվել են, որ մի քանի օրվա ընթացքում #MeToo հեշթեգն օգտագործվել է ավելի քան 300 հազար անգամ։ Հիշատակված ժամանակահատվածում այս թեմայով որոնողական հարցումները 51 տոկոսով ավելի շատ են եղել, քան սպասվում էր։



© NEWS.am STYLE