Բրեդ Փիթը հեռանո՞ւմ է կինոյից

11:11   10 հուլիսի, 2019

Հոլիվուդի ամենատաղանդավոր եւ գեղեցիկ դերասաններից մեկը՝ 55-ամյա Բրեդ Փիթը, ցանկանում է հեռանալ կինոյից, հայտնում է GQ Australia-ն։ Նա նշել է, որ ծրագրում է յուրաքանչյուր տարի ավելի քիչ նկարահանվել կինոյում։  

«Անկեղծորեն խոստովանենք, որ կինոն խաղ է երիտասարդների համար։ Ինչ-որ պահի ես կարող եմ դինոզավր լինել եւ նույնիսկ չիմանալ այդ մասին»,- Փիթի խոսքերը մեջբերել է GQ Australia-ն։ Ընդ որում, դերասանը հայտնել է, որ իրեն դուր է գալիս ռեժիսորի ամպլուան։

Ի դեպ, Փիթն ակտիվորեն աշխատում է որպես պրոդյուսեր։ Նրա երեք կուլտային ֆիլմեր տարբեր ժամանակներում «Օսկար» մրցանակի են արժանացել լավագույն ֆիլմ անվանակարգում՝ «Ուրացողները», «Ստրկության 12 տարի» եւ «Լուսնի լույսը»։

Ընդ որում, դեռ վաղ է տխրել. այս տարի սպասվում է Փիթի մասնակցությամբ երկու ֆիլմի թողարկում՝ «Աստղերի մոտ» եւ «Մի անգամ Հոլիվուդում»։ Բացի այդ՝ նա նկարահանվում է «Աֆրիկա» ֆիլմում եւ «Z աշխարհների պատերազմի» երկրորդ մասում։

Կա վարկած, որ կինոյից հեռանալու ցանկությունը պայմանավորված է նաեւ անձնական պատճառներով. Փիթը ցանկանում է երեխաներին ավելի հաճախ տեսնել։ Անջելիա Ջոլիից բաժանվելուց հետո նա ավելի քիչ ժամանակ է անցկացնում նրանց հետ…



© NEWS.am STYLE