«Իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը». «Միսս Տիեզերք Արմենիա»-ի խոստովանությունն ու Սեւ բերդում կայացած մրցույթի ֆոտոշարքը

17:03   10 հուլիսի, 2019

Երեկ Հայաստանն ընտրեց այն երջանիկ աղջկան, որը կներկայացնի մեր երկիրը «Միսս Տիեզերք  2019» մրցույթում, իսկ տիտղոսակիր գեղեցկուհին 20-ամյա Դայանա Դավթյանն է:

«Չէի սպասում, որ կհաղթեմ, շատ հուզված եմ: Շատ անսպասելի էր այդ պահը: Անչափ ուրախ էի, չեմ կարող նկարագրել տպավորություններս: Փոքր տարիքից սիրել եմ «Միսս Տիեզերք» մրցույթը, ու հենց այս մրցույթում էի ցանկանում հաղթել»,-մրցույթից հետո, հուզմունքի եւ շնորհավորանքների ներքո,  լրատվամիջոցների հետ զրույցում խոստովանեց Դայանան:

«Միսս Տիեզերք»-ում մեր այս տարվա դեսպանը սովորում է Ճարտարապետության եւ շինանարարության Հաաստանի ազգային համալսարանում, մասնագիտությամբ դիզայներ է: Դայանան 14 տարեկանից ուսանել է «Ատեքս» նորաձեւության տանը: Պատմում է, որ մանկուց է հետաքրքրված եղել պոդիումով եւ բարձր նորաձեւությամբ:

«Երազում էի մեծ պոդիումի մասին, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի բարձրունքի կհասնեմ: Քանի, որ իմ անունը լավագույն հնգյակի վերջում հայտնեցին, շատ հուզված էի, մտածում էի՝ միգուցե չանցնեմ: Իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը՝ ես «Միսս Տիեզերք»-ում ներկայացնելու եմ Հայաստանը: Ինձ մնում է լավ նախապատրաստվել, որպեսզի լավագույնս ներկայացնեմ Հայաստանը մրցույթում: Ինքս ինձ վրա վստահ եմ, ու հուսով, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասում է գեղեցկուհին, որին խնդրեցինք առանձնացնել իր ֆավորիտներից մի քանիսին, որոնց շարքում նա նշեց Լիանա Ոսկերչյանին ու Մոնիկա Գաբրիելյանին:

«Միսս Տիեղերք Արմենիա» գեղեցկության մրցույթը կայացավ Գյումրու Սեւ բերդում, որին մասնակցեց «Միսս Արմենիա» մրցույթի եզրափակիչ անցած 24 գեղեցկուհիներից 15-ը: Մյուս բոլոր գեղեցկուհիները՝ բացի Դայանայից, հնարավորություն կունենան պայքարելու «Միսս Աշխարհ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար, որի ընտրությունը կկայանա հուլիսի 15-ին:

NEWS.am STYLE-ը երեկ եղել է Գյումրիում եւ ներկայացրել «Միսս Տիեզերք Արմենիա»-ի մանրամասները: Այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի բեքսթեյջն ու ֆոտոշարքը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE