«Նա խելացի է ու լավը». Ալյոնա Խմելնիցկայան պարզաբանել է՝ ինչպես է ընկերացել Մարգարիտա Սիմոնյանի հետ

17:45   10 հուլիսի, 2019

Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան, անհավանական կերպով ընկերացել է ռեժիսորի նոր կնոջ՝ Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ։ Օրերս դերասանուհին կիսվել է գաղտնիքով՝ ինչպես է իրեն հաջողվել անել սա, հայտնում է Woman.ru-ն։

48-ամյա դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան եւ 53-ամյա Տիգրան Քեոսայանը միասին ապրել են 20 տարի։ Թվում էր՝ դա առհավետ է։ Սակայն 2014թ.-ին զույգն անսպասելիորեն հայտարարել է ամուսնալուծության մասին։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Քեոսայանը Խմելնիցկայայից հեռացել է իրենից երեխայի սպասող լրագրող Մարգարիտա Սիմոնյանի մոտ։ Զարմանալի է, բայց ամուսինները կարողացել են բաժանվել առանց սկանդալի եւ նույնիսկ հրաշալի հարաբերություններ պահպանել։ Խմելնիցկայան խոստովանել է, որ սկսել է ավելի լավ վերաբերվել Տիգրանին ամուսնալուծությունից հետո եւ ծանոթացել է նախկին ամուսնու նոր սիրելիի հետ։ Դա տեղի է ունեցել մի քանի տարի առաջ՝ Ալյոնայի եւ Քեոսայանի կրտսեր դստեր՝ Քսենիայի ծննդյան օրը։

Եռյակը նույնիսկ միասին աշխատել է «Դերասանուհին» սերիալի վրա։ Քեոսայանը նախածի ռեժիսորն էր, Սիմոնյանը՝ սցենարիստը, իսկ Ալյոնյան մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն։ Մտերիմ ընկերությունը նախկին ամուսնու հետ զարմացնում է Խմելնիցկայայի երկրպագուներին, եւ նրանք դերասանուհուն մշտապես հարցնում են, թե ինչպես է նրան հաջողվել այդպիսի հարաբերություններ պահպանել նախկին ամուսնու եւ «բաժանողի» հետ։

Ալյոնան այդ հարցին պատասխանել է Instagram-ի Stories բաժնում՝ առանց մանրամասնելու․ «Հեշտությամբ։ Նա խելացի է ու լավը»։

Նշենք, որ դերասանուհին 39-ամյա Մարգարիտային նույնիսկ իր բարեկամն է անվանել։ Այս տարի Խմելնիցկայան ներկա է եղել Սիմոնյանի ծննդյան տոնին, Instagram-ում տեսանյութ հրապարակել միջոցառումից ու սրտառուչ գրառում արել. «Ուրախ եմ, որ ունեմ քեզ։ Այնպես է ստացվել, որ այժմ դու իմ բարեկամն ես երեխաների կողմից։ Եվ դա հրաշալի է, քանի որ դու լավն ես, խելացի, գեղեցիկ, ծիծաղելի, կարեցող, տաղանդավոր։ Երջանիկ եղիր, սիրված ու առողջ։ Քեզ համար։ Եվ թող ամբողջ աշխարհը սպասի»։

Լուսանկարները՝ Instagram, Persona Stars



© NEWS.am STYLE