Dj Ocean-ն առաջին անգամ նվագեց Արագածի 3200 մ բարձրության վրա՝ սահմանելով ռեկորդ (ֆոտո/վիդեո)

13:05   12 հուլիսի, 2019

DJ Ocean մականվամբ հայտնի դիջեյ Ալբերտ Կուրշուդյանը երեկ՝ հուլիսի 11-ին, նոր ռեկորդ սահմանեց, որն ամրագրվեց «Գինես»-ի ռեկորդների գրքի անալոգը հանդիսացող Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագրքում»: Առաջին անգամ Հայաստանում դիջեյը մեկ ժամ 30 րոպե նվագեց Արագած լեռան 3200 մ բարձրության վրա: Թե Ալբերտի, թե Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանի խոսքով՝ նման բարձրության վրա նվագելուն խոչընդոտող շատ հանգամանքներ կային, որոնք կարող էին ձախողել դիջեյի աշխատանքը: Դրանցից է, օրինակ, ճնշման տատանումը, որը կապված է բարձրությունից, ինչը կարող է խոչընդոտել նաեւ երաժշտության հնչողությանը:

«Դժվարություններ շատ կան, որոնցից մեկը ճնշումն է, որը բարձր մակարդակի վրա տատանվում է, քամու հետեւանքով առաջանում են ակուստիկայի խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս, հատկապես, միքսելու պահին»,-բացատրում է դիջեյը, ով Արագածի բարձրունքում հնչեցրեց տարբեր դիջեյների հայտնի միքսերից եւ իր սեփական գործերից: Էլեկտրոնային երաժշտությունը, ռիթմերն ու քամին նոր մթնոլորտ էին ստեղծել Արագածի լանջերին:

«Սա իրոք յուրահատուկ ռեկորդ է, որը գրանցելուց հետո կաշխատենք այն ներկայացնել «Գինեսին»: Սա Հայաստանում կլինի առաջին նման ռեկորդը: Դժվար է ռեկորդ գրանցել ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա՝ թե ֆիզիկական, թե երաժշտական հնչողության առումով: Մենք երաժշտական տարբեր ռեկորդներ ունենք, բայց սա իր բնույթի մեջ առաջինն է: Թթվածնի պակասը, եղանակային պայմանները… տարբեր բաներ կան, որոնք կարող էին խանգարող հանգամանքներ լինել»,-ասում է Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:

Ինչ վերաբերում է Dj Ocean-ին՝ դիջեյությամբ նա սկսել է հետաքրքրվել 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց արդեն լրջորեն աշխատել է այդ ոլորտում: Զբաղվում է անդերգրաունդ եւ էլեկտրոնային երաժշտությամբ, այս 4 տարիների ընթացքում հասցրել է ստեղծել նաեւ իր լեյբլը: Հայ հեռուստադիտողը աշնան սկզբնին կարող է սպասել յուրահատուկ ձեռագիր ունեցող ռեկորդակիր դիջեյի առաջին տեսահոլովակին:

Արագածի լանջին ռեկորդ սահմանելու միտքը ծնվել է Ալբերտի եւ նրա թիմի մոտ.

«Ուսումնասիրելով բազաթիվ արտերկրյա միջոցառումներ՝ տեսանք, որ շատ ակտուալ է դարձել սարերի վրա նման միջոցառում կազմակերպելը եւ ուսումնասիրության փուլում հասկացանք, որ դա, նույնիսկ, ռեկորդ կարող է լինել Հայաստանում: Նախապես արել ենք փորձեր: Հասկանալով, որ ամեն ինչ ստացվում է՝ որոշեցինք անպայման փորձել գրանցել նման ռեկորդ»,-պատմում է նա:

Ի դեպ, NEWS.am STYLE-ը եւս ռեկորդի գրանցման ընթացքում եղել է Արագածի 3200 մ բարձրության վրա, վայելել DJ Ocean-ի երաժշտությունն ու լուսանկարել ընթացքը:

Մանրամասները՝ մեր ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE