«Միսս Աշխարհ Արմենիա»-ի հույզերը, շքեղ թագն ու մյուս մասնակիցները. մրցույթի ամբողջական ֆոտոշարքը

12:15   16 հուլիսի, 2019

Հուզված, երջանիկ ու շատ շփոթված՝ այսպիսին էին Լիանա Ոսկերչյանի զգացողություններն այն պահին, երբ 20-ամյա աղջիկը հայտարարվեց՝ որպես «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի հաղթող՝ ըստ այդմ դառնալով «Միսս Աշխարհ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը: Լիանան սովորում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, մասնագիտանում է՝ որպես քաղաքագետ: Երիտասարդ գեղեցկուհին նշում է՝ հաղթանակն իր համար անսպասելի էր.

«Շատ հուզված եմ, շատ անսպասելի էր: Շատ շնորհակալ եմ բոլորից: Կփորձեմ լավագույնս ներկայացնել մեր երկիրը «Միսս Աշխարհ» մրցույթում»:

Չնայած հուզմունքին ու շնորհավորանքների տեղատարափին՝ Լիանան չմոռացավ այն ընկերներին, որոնց ձեռք է բերել մրցույթի ընթացքում եւ, իհարկե, խոսեց նաեւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի հաղթող Դայանա Դավթյանի մասին.

«Բոլոր աղջիկներն էլ շատ ուժեղ էին: Ինքս ունեի շատ ֆավորիտներ, որոնցից մեկը դարձավ «Միսս Տիեզերք Արմենիա». ես Դայանային տեսնում էի այդ դերում: Աղջիկները շատ լավն էին, ջերմ, ընկերասեր, շատ լավ միջավայր էր, որտեղ ընդհանրապես չկար մրցակցություն»:

Դե, իսկ հաջորդիվ Լիանային սպասվում է երկար ու հագեցած ճանապարհ, որպեսզի աշխարհին ներկայացնի հայկական գեղեցկությունը.

«Հենց վաղվանից կսկսեմ  պատրաստվել, որպեսզի այդ հեղինակավոր մրցույթում լավ ներկայանամ»:

Ի դեպ, հաջորդ տարվանից սկսած «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի հաղթողները միմյանց կփոխանցեն մրցույթի թագը: Բնական քարերից պատրաստված շքեղ թագի հեղինակը «Խազմալյան» ոսկերչական ընկերությունն է

Լիանային եւ Դայանային NEWS.am STYLE-ն առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա: Իսկ այս պահին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթից մեր ամբողջական ֆոտոռեպորտաժը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE