Ճանապարհորդի գրառումները. Ջեյմս Բոնդի կղզին (մաս II)

22:09   6 հուլիսի, 2013

Հորիզոնում երեւացին կղզիները: Սկզբում դրանք մեծ չեն, հիշեցնում են ջրից վեր բարձրացող ժայռաբեկորներ: Ոմանք այդ ժայռերը նմանեցնում են կենդանիների կամ տարբեր առարկաների ուրվագծերի, ամեն ինչ կախված է երեւակայությունից. «փղիկ», «խխունջ», «շուն», «բուրգ»…

Առաջին կանգառն արտասովոր կղզու մոտ էր, որի ներսում լիճ կա: Մեզ փրկարարական բաճկոններ եւ հատուկ անջրանցիկ պայուսակներ տվեցին, որտեղ կարելի է պահել լուսանկարչական ապարատները կամ տեսախցիկները: Եվ ահա սանդուղքով նավից անցնում ենք դեպի մակույկները:

 

Անպայման հիշեք ձեր մակույկի համարը, ջրով հետագա ճամփորդության ընթացքում ձեզ կցելու են այդ նավակին: Եվ նույն թայլանդացին էլ, ով թիավարելու է, ցույց է տալու գեղեցիկ ու վայրի տեսարանները: Կղզում մրգատու ծառեր չկան, այդ պատճառով կապիկներն այստեղ հարմարվել են ծովախեցգետնով եւ ծովային այլ բնակիչներով սնվելուն: Իսկ քարանձավներում կարող եք նկատել քնած չղջիկների, որոնք միայն գիշերն են աշխուժանում:

Երկրորդ կանգառը շատ նման է առաջինին: Ցանկության դեպքում այստեղ կարող եք լողալ: Բայց զգուշացնեմ, որ նման վայրերում ջուրը տարօրինակ պղտոր-կանաչավուն է, ես նույնիսկ ոչ այնքան հաճելի հոտ զգացի: Մեզ բացատրեցին, որ հատակն այստեղ մամռապատ է, ջուրը չի հասցնում մաքրվել:

Փանակ կղզի – ամենախոշոր կղզիներից է, որի մակերեսը շուրջ 20 ք.կմ է: Երբ հասանք կղզի, նկատեցինք աղոտ ուրվագիծ, որ նման էր աթոռին նստած երկար վարսերով կնոջ: Հետո ուղեկցորդը բացատրեց, որ կղզու անունը թարգմանաբար նշանակում է «աթոռ»:

 

Քարանձավների պատերին կարելի է տարբեր ձեւերի ստալակտիտներ գտնել: Ներքին ծովածոցերում կարող եք բազմաթիվ մանգրենիներ տեսնել: Այս ծառերը զարմանալի օդեղեն արմատներ ունեն, որոնք սուզված են ջրի մեջ: Երբեմն դրանք անվանում են «քայլող ծառեր», քանի որ անընդհատ լայնացնում են իրենց «բնակության» վայրը: Երբ ծառերին պտուղ է կազմավորվում, սերմից երկար պատիճ է հայտնվում, որն աստիճանաբար մոտենում է ջրին: Այդ պատճառով ծառերը տարօրինակ եւ ֆանտաստիկ տեսք ունեն: Դրանց շուրջ ջուրը պղտոր է. այդ ծառերը քաշում են վնասակար նյութերը եւ աստիճանաբար մաքրում ջուրը: Արմատների մոտ կարելի է նաեւ հետաքրքիր ձկներ եւ օձեր տեսնել:

 

Հոնգ կղզի – Այն անվանում են նաեւ «սենյակ»: Փոթորկի ժամանակ ձկնորսներն իրենց փոքրիկ նավակներով մտնում են ներս եւ թաքնվում, իսկ նրանց շրջապատում են «պատերը»՝ բարձր ժայռերը:

 

Զբոսանքից հետո վերադառնում ենք մեր նավը: Այնտեղ մեզ ճաշ է սպասում՝ շվեդական սեղանի տեսքով: Կարելի է խավարտ ընտրել, միս, ձուկ, միրգ եւ բանջարեղեն, ըմպելիք: Իսկ այդ ընթացքում մեր նավը լողում է դեպի այլ հրաշալի վայրեր…

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE