X Factor-ի հաղթող Վրեժ Կիրակոսյան. «Սլավոնական բազարում լեհ հեղինակի երգ եմ կատարելու» (Ֆոտո)

11:59   6 հուլիսի, 2013

X Factor երաժշտական մրցույթի հաղթող Վրեժ Կիրակոսյանը Սլավոնական բազարում լեհ հեղինակի երգ է կատարելու: Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրեժն ինքը:

Հուլիսի 12-15-ը Վիտեբսկում անցկացվելու է արվեստի միջազգային ամենամյա մրցույթ-փառատոն: Հայաստանը ներկայացնելու է Վրեժ Կիրակոսյանը:

 

«Փառատոնի առաջին օրը ես կատարելու եմ լեհ հեղինակ Տշչեսլավ Նեմենի  «Странный этот мир» («Տարօրինակ այս աշխարհը») երգը, իսկ երկրորդ օրը՝ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ»-ը: Փառատոնի երրորդ օրն անցկացվելու է գալա համերգ եւ հաղթողների պարգեւատրման արարողություն: Երգի ընտրության եւ այն պատրաստելու հարցում ինձ օգնել է Նադեժդա Սարգսյանը: Ես փառատոնին մասնակցում եմ՝ ոչ մրցանակների եւ պարգեւների, այլ գործընկերներիս կողմից ընդունվելու համար:

Նշեմ, որ առաջին անգամ փառատոնին որպես ժյուրի Հայաստանից ներկայացուցիչ էր հրավիրվել՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Սակայն նա չկարողացավ ընդունել հրավերը, քանի որ այդ ընթացքում Գերմանիայում է լինելու:

Ի դեպ, մրցանակների մասին: Գրան Պրին 15.000 դոլար է, առաջին տեղը՝ 9.000, 2-րդը՝ 7.000, 3-րդը՝ 5.000 դոլար:

Ինչ վերաբերում է Վիտեբսկից հետո իմ ծրագրերին. ասեմ, որ ներկայում հոլովակի նկարահանումներ ենք կատարում, որի պրոդյուսերը Sony Music-ն է: Մի մասը նկարահանել ենք Մոսկվայում, մյուս մասը պատրաստվում ենք նկարահանել Լոնդոնում»,- նշեց Կիրակոսյանը:

Տեքստը՝ Գրիգոր Ավետիսյանի

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE