«37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ». Նազենի Հովհաննիսյան

12:45   18 հուլիսի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան օրը։ Այդ առիթով նա Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ ամբողջ կյանքում առաջինը հայրն էր իրեն զանգում ու շնորհավորում։

«36 տարի հուլիսի 18-ին` ծննդյանս օրը, առաջինը Հայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք: 37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի..., բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ Հայրիկին, որն ինձ պարգեւել է բացարձակ երջանկություն ու ես ամենաբախտավորն եմ եղել եւ օրհնյալ` ունենալու նման Հայր... եւ ես ժպտում եմ ՆՐԱՆ, որտեղ էլ, որ լինի... ես ժպտում եմ ՄԱՅՐԻԿԻՍ, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու ՍԵՐ, Մայրս, որն ուներ ծով համբերություն ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով։

...Ես ժպտում եմ քույրերիս` իմ ԱՄՈՒՐ ու անսասան սյուներին, առանց որոնց ես ուղղակի չկամ, ժպտում եմ իմ թանկագին ընկերուհուն, ընկերներիս, ժպտում եմ շատ ու սրտանց ինձ անծանոթ, բայց եւ հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն  Հավատքն ու հողը, որը մեզ սնել է: Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետեւ նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին: 

Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում թե որքան կարեւոր էին... Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երեւանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել... ես ժպտում եմ, որովհետեւ կուզեի, որ Ծնողներս տեսնեին ժպիտս միայն... Ես չգիտեմ՝ ինչու են ծնվում մարդիկ, երեւի, որ ամեն լուսաբացի հետ փառք տան Աստծուն, ու ամեն մայրամուտին նայեն` սիրահարված կյանքին... Տարիները թվեր են ընդամենը..., իսկ կյանքը՝ անհավանական մի գեղեցկություն` սիրելի մարդկանց ուժով ու սրտով լեցուն... մնացածն անակարեւոր է ու անցողիկ... Դժբախտությունն էլ մարդու համար է..., բայց ես կժպտամ երջանկությանը...Ես ժպտում եմ իմ սիրելիներին»,- գրել է նա։

Դերասանուհու էջը լի է շնորհավորանքներով, որոնց միացել են նաեւ շատ հայտնիներ։ Երգիչ Անդրեն գրել է. «Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ ունենք Քեզ։ Ընկերս, երջանիկ եղիր միշտ ու առողջ, իմ ԱմենաՀայուհի»։

Մտերիմ ընկերուհուն առանձին հրապարակմամբ շնորհավորել է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանը։ Instagram-յան էջում տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում նա գրել է. «Պինդ գրկել եմ ու միասին ժպտում ենք աշխարհին .... պինդ գրկելու եմ, որ շարունակենք ժպտալ աշխարհին... ԵՍ շնորհակալ եմ ՔԵԶ` մեր ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ համար... խոսքից հաստատ ուժեղ չեմ, որ կարողանամ ասել էն ամենն, ինչ սիրտս ու հոգիս կասեին քեզ..., բայց դե վստահ եմ, որ գիտես.... անսահման ԵՐՋԱՆԻԿ ԵՄ,  որ ունեմ Քեզ պես ԸՆԿԵՐ,  ՔՈՒՅՐ ու ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ... ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՈՒ ՊԱՀԱՊԱՆ Թող լինի Մեր ՆԱԶԵՆԻԻ։  Ծնունդդ Շնորհավոր Լույս աղջիկ...

Հ.Գ. Լուսանկարներն ու հիշողությունները, ՓԱՌՔ ԱՍՏԾՈ, շատ են, բայց ընտրեցի հենց այս մեկը... անսահման ջերմություն ու տաքություն կա լուսանկարում։ Ձյաձ Գարիկը ամառանոցում ստեղծել էր բոլոր պայմանները, որ մենք մեզ զգանք շաաաա՜տ հարմար ու հանգիստ, ինքը այգում գործ էր անում ու մեզ համար մրգեր հավաքում, իսկ մենք, ինչպես միշտ, վայելում էինք... Ծնողներիդ հոգիներին խաղաղություն .... ու նորից շնորհակալություն, որ կյանք են տվել Քեզ ու Քեզ պարգեւել են Մեզ»։



© NEWS.am STYLE