Ի՞նչ սերիալներ է խորհուրդ տալիս դիտել «Էլենի օրագրի» սցենարիստ Անի Մաղաքյանը

14:05   20 հուլիսի, 2019

Արձակուրդներն սկսված են, ինչը նշանակում է, որ շատերն այս պահին իրենց հանգիստն են վայելում որեւէ զով վայրում եւ կարող են մի ամբողջ օր տրամադրել նաեւ հետաքրքիր ֆիլմերի եւ սերիալների դիտմանը: Իսկ ի՞նչ սերիալ նայել, որ հետո դրա վրա ծախսված ժամանակն ավելորդ չհամարես: NEWS.am STYLE-ը խորհուրդի համար դիմել է հայկական հեռուստատեսության ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկի՝ «Էլենի օրագրի» սցենարիստ Անի Մաղաքյանին, որն առանձնացրել է իր ամենասիրելի 5 հեռուստասերիալները, որոնք խորհուրդ է տալիս դիտել նաեւ մեր ընթերցողներին:

«Սերիալների բազմազանության մեջ դժվար է առանձնացնել մի քանիսը, մի պահ թվում է, որ ընտրությունդ ակնհայտ է, բայց երբ ցուցակագրում ես շատ սերիալներ ես հիշում, որոնց մասին կարելի էր խոսել, ամեն դեպքում նշել եմ նրանք, որոնք որեւէ կերպ ազդեցություն են ունեցել ինձ վրա»,-ասում է Անին ու հավելում,-«Դրանք տարբեր ժանրերի սերիալներ են, բոլորը իրարից չափազանց տարբեր, հասկացա նաեւ, որ չունեմ հստակ սիրելի ժանր, ամեն ինչի մեջ ինչ-որ սիրելի բան կարելի է գտնել։ Նախընտրածս սերիալները նշել եմ պատահական հերթականությամբ»։

Այսպիսով՝ ահա, թե որ հեռուստասերիալնրն են տեղ գտել սցենարիստի հնգյակում.

«Որտե՞ղ էիր մարդ Աստծո»

«Շատ է տպավորվել տարիներ առաջ ցուցադրվող «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» բազմասերիանոց ֆիլմը, որը նկարահանվել է Զորայր Խալափյանի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերում Աննա Էլբակյանն է։ Հիշում եմ՝ որքան հիացած էի նայում, թեեւ տխուր պատմություն է, մարդկանց դժվար ճակատագրերի մասին։ Կարծում եմ՝ պարտադիր է եւ գիրքը կարդալ, եւ ֆիլմը դիտել»։

«Սեքսը մեծ քաղաքում»

«Մեծ հաճույքով նայեցի Sex and the City-ի բոլոր սեզոնները, հետագայում նաեւ՝ գեղարվեստական ֆիլմերը, որոնք ըստ սյուժեի պատմության շարունակությունն են։ Ամենահետաքրքիրն այն է, որ տարիներ առաջ փորձեցի նայել, առաջին մասից հետո չշարունակեցի, հետո մի քանի տարի անց նորից փորձեցի եւ այնքան էի տարվել, որ մեկ օրում մի քանի սերիա էի դիտում։ Հազվադեպ է պատահում, որ տղամարդ սցենարիստը կարողանում է այդքան ստույգ փոխանցել կանացի պատմությունների շարքը, այդքան թափանցիկ եւ միեւնույն ժամանակ դիպուկ խոսել կանանց խնդիրներից, նրանց մտածելակերպից, նրանց հուզող հարցերից։ Եվ բացի այս ամենը, սա, իհարկե, կանանց ընկերության վառ օրինակ է»։  

«Не родись красивой»

«Не родись красивой» հեռուստասերիալը ամենասիրելիներիցս է, չգիտեմ` ինչու եմ արդեն քանի տարի այսքան տարված այդ պատմությամբ։ Հայտնի «Տգեղ Բեթիի» պաշտոնական ադապտացիաներ շատ կան, բայց հենց այս մեկն եմ շատ հավանել։ Դիտել եմ տասը տարի առաջ, հետագայում մի քանի անգամ նորից նայել եմ։ Երեւի «Անճոռնի ճուտիկի» եւ «Մոխրոտիկի» սյուժեների միքսը չէր կարող անտարբեր թողնել, պատմությունն իսկապես գեղեցիկ է։

«Գահերի խաղը»

Մեծ ուշադրությամբ եւ հույզերով դիտել եմ Game of Thrones-ը։ Վերջին երեք տարիների ընթացքում, երբ սեզոնները սկսեցին մեծ ինտերվալով հեռարձակվել, նախանձում էի նրանց ովքեր նոր են սկսել սերիալը դիտել և միչեւ հասնեն սպասվող եթերաշրջանին, այն արդեն եթերում կլինի։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել ամեն նոր սերիայի։ Ապշելու է, թե ինչպես է մարդու գլխի մեջ մի ամբողջ երեւակայան աշխարհ տեղավորվում՝ իր լեզուներով, աշխարհամասերով, կրոններով, լեգենդներով, անցյալի քրոնիկներով եւ միեւնույն ժամանակ անսպասելի զարգացմուներ ունեցող ներկայով։ Երեւի սա այն դեպքերից է, երբ ավելի շատ հիացնում է պատմության հեղինակի շնորհը»։

«Մահաբհարատա»

«Քանի որ տարբեր ազգերի էպոսների ու լեգենդերի սիրահար եմ, մեծ բավականությամբ դիտեցի հնդկական «Մահաբհարատա» էպոսի համանուն էկրանավորումը, թեեւ գրքի սեղմ տարբերակն արդեն ընթերցել էի, բայց սերիալը շատ գունեղ ու պատկերավոր է նկարահանված»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE