Որո՞նք են Էմմա Սապունջյանի ամենասիրելի 5 ֆիլմերը եւ ո՞ր հայտնի հերոսուհուն է իրեն նմանեցնում

14:05   24 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանին հայ հեռուստադիտողն արդեն հասցրել է տեսնել մի շարք սերիալաներում՝ տարբեր հերոսուհիների կերպարներով: Այս շրջանում Էմմային տեսնում ենք «Էլենի օրագիրը հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է  Ինեսային: Բազմաժանր ֆիլմերում նկարահանված դերասանուհուց NEWS.am STYLE-ը պարզել է, թե ինքն անձամբ ինչ ժանրի ֆիլմեր է նախընտրում դիտել, եւ որոնք են տեղ գտել իր ամենասիրելի ֆիլմերի հնգյակում:

«Դաժան հարց կինոմանի համար: Պաշտում եմ ֆիլմեր դիտել, բոլոր նոր ֆիլմերը սովորությանս համաձայն՝ դիտում եմ կինոթատրոնում։

Որպես սիրելի ժանր՝ կարող եմ առանձնացնել թրիլլերն ու կատակերգությունը»,-նշեց դերասանուհին՝ հավելելով, որ շատ դերասաններ կան, որոնց խաղը սիրում է, բայց հատկապես առանձնացրեց Ռոբերտ Դե Նիրոյին, Ջոննի Դեփին, Ջենիֆեր Լոուրենսին եւ Քիրա Նայթլիին:

Ահա, թե որ 5 ֆիլմերն է խորհուրդ տալիս դիտել Էմման.

«Чёрная кошка, белый кот»

Առաջին ֆիլմը, որ մտքիս գալիս է այս հարցը լսելուց հետո, Էմիր Կուստուրիցայի «Чёрная кошка, белый кот» ֆիլմն է... Այն առաջին անգամ դիտել եմ 5 տարեկանում եւ միանգամից սիրել, մինչ օրս բաց չեմ թողել այն նորից դիտելու եւ ոչ մի հնարավորություն։ Առանձնացնել պատճառը,  թե կոնկրետ ինչն է ինձ դուր գալիս այդ ֆիլմում, կդժվարանամ, քանի որ այն ինձ համար կատարյալ է... Կերպարների բազմատեսակ լինելը, երաժշտությունը, երկխոսությունները, մի խոսքով՝ պատճառները շատ են։

Ունեմ անգամ ֆիլմից սիրելի արտահայտություն («Oт судьбы не уйдёшь, а co свадьбы сбежать можно»)

«Սեւ կարապը»/Black Swan

Երկրորդ  սիրելի ֆիլմը «Սեւ կարապ»-ն է։

Հերոսուհուն ինձ եմ նմանեցնում, կարծում եմ՝ դա է հիմնական պատճառը, որ այն ընդգրկվել է իմ սիրելի ֆիլմերի ցանկում, բայց, բնականաբար, Արանոֆսկու բոլոր ֆիլմերը սիրում եմ, կառանձնացնեմ նաեւ «Մամա»-ն։

«Գրավիչ գեղեցկություն»/Collateral Beauty

Այն իմ  սիրելի ֆիլմերի ցանկում է, քանի որ միակ ֆիլմն է, որն ինձ հուզել է եւ ստիպել լաց լինել...Առհասարակ, ֆիլմեր դիտելուց էմոցիոնալ չեմ, ոչ մի դիմախաղ չի փոխվում ամբողջ դիտման ընթացքում, բայց այս ֆիլմի ժամանակ բավական երկար արտասվել եմ, այն դիտողները վստահ եմ՝ ինձ կհասկանան...

«Կարմիր ճնճղուկ»/Red Sparrow

Սիրելի ժանր, սիրելի դերասանուհի, ապշելու դերասանական խաղ... Կարծում եմ՝ չսիրելն անհնար կլիներ։

«Գործակալները՝ U.N.C.L.E-ից»/The Man From U.N.C.L.E

Սա այն ֆիլմերից է՝ հանուն որի մեծ սիրով հիշողությունս կկորցնեի, որ եւս մեկ անգամ այն դիտեի, չնայած նման ցանկություն ունեցել եմ Գայ Ռիչիի, գրեթե, բոլոր ֆիլմերը դիտելու ժամանակ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էմմա Սապունջյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE