Քիմ Քարդաշյանն ու Դոնալդ Թրամփը չեն կարողացել օգնել A$AP Rocky-ին

19:13   25 հուլիսի, 2019

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը դիմել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով օգնել ռեփեր A$AP Rocky-ին (իսկական անունը Ռաքիմ Մայերս), որը Շվեդիայում կալանքի տակ է։ Այս մասին, վկայակոչելով TMZ-ն, հայտնում է Hypebeast-ը։

Արդեն երկու շաբաթ է՝ ռեփերն ու նրա ընկերները ստոկհոլմյան բանտում են։ Ըստ ամենայնի՝ նրանց չեն ծրագրում ազատ արձակել, եւ գործին միջամտել է Քիմ Քարդաշյանը։ Աստղը փաստաբանություն է սովորում եւ ակտիվորեն զբաղվում է պրակտիկայով՝ ազատում է դատապարտյալներին, որոնց մեղքն ապացուցված չէ։

Այն մասին, որ Քիմն օգնում է ռեփերին, հայտնի է դարձել նրա Twitter-ից. Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ Ջարեդ Քուշներին այն բանի համար, որ նրանք գործադրում են բոլոր ջանքները Ռոքիին ազատելու համար։ «Մենք շատ ենք գնահատում ձեր աշխատանքը դատական բարեփոխման համար»,- հավելել էր Քիմը։

Սակայն դա չի օգնել. ռեփերին Շվեդիայում կալանքի տակ են թողել։ Ըստ դատախազի՝ A$AP Rocky-ն եւ երկու այլ ձերբակալվածներ հանցագործություն են կատարել՝ ծեծի ենթարկելով տղամարդու եւ պետք է անազատության մեջ մնան, մինչ դատարանը նրանց վերաբերյալ որոշում չկայացնի։  

Մեղադրանքներ ներկայացնելու որոշումը կայացվել է, մասնավորապես վիդեոկադրերի հիման վրա, որոնք հայտնվել են գերատեսչության տրամադրության տակ։ Բացի այդ՝ վկաների ցուցմունքները հաստատում են ենթադրյալ տուժողի խոսքերը։

Հիշեցնենք՝ հունիսի 30-ին A$AP Rocky-ն թիկնապահների հետ շրջել է Ստոկհոլմում, երբ նրան սկսել են հետապնդել երկու երիտասարդ։ Որոշ ժամանակ անց երաժիշտը վիճել է նրանցից մեկի հետ, ինչը տեսագրվել է։ Այժմ նա կալանքի տակ է։ Նրան սպառնում է մինչեւ վեց տարվա ազատազրկում։ Ազատությունից զրկվելու պատճառով ռեփերը բաց է թողել Լեհաստանում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում եւ Մոսկվայում իր ելույթները։



© NEWS.am STYLE