«Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկերի» վավերագրական ֆիլմերը

12:02   8 հուլիսի, 2013

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. վավերագրական ֆիլմեր» ծրագրում ներկայացված մի քանի ֆիլմի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ռեժիսորներ Մարատ Սարգսյանը եւ Նիկոլայ Դավթյանը:

Մարատ Սարգսյանը ներկայացնելու է «Հայրը» ժապավենը:  Ֆիլմը պատմում է նախկին հանցագործի արժեքների, ժամանակին եւ ճակատագրին մարտահրավեր նետած մարդու, կյանքի անհագուրդ ծարավի ազդակների մասին: Սա մի ընտանիքի սիրո պատմություն է: Չկան  ռոմանտիկական պահեր եւ ոչ էլ հրաշքով կատարվող փոփոխություններ: Բայց կա մեծ պոտենցիալ փոխելու մեր պատկերացումները, թե ինչպիսին է երջանիկ  ընտանիքը կամ ինչպիսին կարող է լինել:

Վիդաս Զենոնաս Անտոնովասը հայտնի է որպես Խորհրդային Միության ամենաուշագրավ հանցագործներից մեկը: Նա մոտ մեկ միլիոն ռուբլի է գողացել պետական հաստատություններից: Հանցակիցների հետ առեւանգել է ուղեւորներով լի ինքնաթիռ՝ Աֆրիկա փախչելու համար: Մականունը Մաֆիայի հայր են դրել: Կյանքի 20 տարին նա անցկացրել է 15 տարբեր բանտերում: Հիմա 71 տարեկան է եւ մեծ ընտանիք ունի 10 երեխա, 2 թոռ եւ մեկ նորածին տղա:
Ֆիլմը արդեն հասցրել է ստանալ բազմաթիվ մրցանակներ. Լավագույն ֆիլմ, Visions du Reel ՄԿՓ, Նիոն, Շվեյցարիա, 2013, «Արծաթե եղջույր»՝ լավագույն միջին տեւողությամբ վավերագրականի ռեժիսոր, Լեհ կինեմատոգրաֆների միության մրցանակ լավագույն նկարահանման համար, Կրակովի ՄԿՓ եւ այլն:

Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձեւը»  հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Սովետական Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի մասին է: ՙԻնչ էլ գրեմ, ստացվում է հայեցի՚. սա Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունն է: Շուրջ կես դար շարունակվեց մեծ արվեստագետի գործունեությունը, որը հենց սկզբից  գրավեց երաժշտասեր հասարակության ուշադրությունը: Ֆիլմը կենսագրական չէ, թեեւ հեղինակները փորձել են հումորով պատմել Բաբաջանյանի հետ կատարված պատմությունների մասին:



© NEWS.am STYLE