«Վլադիմիր Զելենսկին սպանել է ուրախների եւ հնարամիտների ակումբի մասնակիցների գոյության իմաստը». Միխայիլ Գալուստյանը շփվել է երկրպագուների հետ

13:59   26 հուլիսի, 2019

Ռուսաստանում հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանն Instagram-ի եթերում առաջին անգամ շփվել է երկրպագուների հետ։ Հետեւորդները հնարավորություն են ունեցել իրենց կուռքին տալ վաղուց հետաքրքրող հարցերը։

Նրանք շոումենին խնդրել են նշել սիրած ռուսական կատակերգությունները։ Միշան հիշել է վերջին տարիների հիթերը՝ «Չքվիր, Վասյա», «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» եւ, իհարկե, ֆիլմեր, որոնցում ինքն է նկարահանվել՝ «Նվեր», «8 նոր հանդիպում»։

««8 նոր հանդիպում»-ը լավ ֆիլմ է։ Նախ, ես նկարահանվել եմ դրանում։ Երկրորդ, իսկապես, լավ ֆիլմ է ստացվել։ Ի դեպ. այդ ֆիլմում խաղացել է Վլադիմիր Զելենսկին, որն այժմ Ուկրաինայի նախագահն է։ Նա սպանեց ուրախների եւ հնարամիտների ակումբի մասնակիցների գոյությունը։ Մենք երբեք չենք գերազանցի նրա նվաճումը»,- ասել է ՈՒՀԱ-ի «Утомленные солнцем» թիմի նախկին ավագը։

Նա նաեւ ողջույն է փոխանցել Զելենսկուն եւ ափսոսանք հայտնել, որ 2014թ.-ին ավարտվել է իրենց շփվումը, երբ վատացել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները։

Միխայիլ Գալուստյանը պատասխանել է նաեւ անձնական հարցերի, մասնավորապես պատմել է՝ ինչպես է լողացել Սեւանա լճում։ «Այո՛, ես լողացել եմ Սեւանա լճում։ Պետք է ասեմ, որ այնտեղ այնպիսի թթի օղի կա։ Խմում ես այն, անմիջապես հարբում, ապա մտնում են լիճը, եւ ջուրն այնքան սառն է, որ դուրս ես գալիս սթափ վիճակում։ Ու կրկին թթի օղի ես խմում»,- հետեւորդներից մեկի հարցին ի պատասխան ասել է նա։



© NEWS.am STYLE