Հեղափոխությունը, դրա հետեւանքներն ու հավաքական կերպարները. կյանքը «Բումերանգ» է (ֆոտո)

11:31   27 հուլիսի, 2019

Մեր արարքները՝ թե լավ, թե վատ, մեզ վերադանալու հատկություն ունեն: Հենց այս թեմայով է ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Բումերանգ» ներկայացումը, որն արտացոլում է հեղափոխությունն ու դրա հետեւանքները: Ներկայացումը հուլիսի 25-ին եւ 26-ին բեմադրվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում եւ անցավ բուռն ծափահարությունների, էմոցիաների եւ բարձր տրամադրության ներքո:

Պիեսի գլխավոր հերոսը օլիգարխ Իշխան Աստվածատուրյանն է, որին մարմնավորել է Լեւոն Հարությունյանը: Նրա կերպարը հեղափոխության «զոհերից» է, որն ԱԱԾ-ից թաքնվում է սեփական սուպերմարկետներից մեկի պահեստում: Կյանքի քաոսային փուլում գլխավոր հերոսը մտածում է ինքնասպանություն գործելու մասին, ու նրա ճանապարհին անմիջապես հայտնվում է Լուիզա Ներսիսյանի գայթակղիչ հերոսուհին՝ Գաբին, նույն ինքը՝ մահվան հրեշտակը: Ներկայացման մյուս գլխավոր կերպարներին մարմնավորում են Անդրանիկ Հարությունյանը, Զիրոյանը, Եվա Զոհրաբյանը, Ժաննա Հովակիմյանն ու Միլենա Ավանեսյանը: Հերոսներից յուրաքանչյուրը հավաքական կերպար է ներկայացնում: Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման վերաբերյալ իր պատկերացումները 70-80 տոկոսով արդարացվել են:

«Գաղափարը ծնվեց հենց հեղափոխության օրերին: Ես եւ Արմեն Վարդանյանը մի քիչ սպասեցինք, որ տեսնեինք՝ հեղափոխությունն ինչ ընթացք է ստանում, եւ այդ օրվանից սկսած ինչ է կատարվում քաղաքական կյանքում, աշխատել ենք այդ ամենն ինչ-որ տեղ ներառել, բայց ոչ որպես իրողություն, այլ դրա հետեւանք, ու դրանից բխող իրավիճակներ ստեղծել»:

Խոսելով դերասանական կազմի մասին՝ Սեդրակը նշեց.

«Դերասաններից շատերի հետ արդեն աշխատել էի, ոմանք եղել են ընկերական շրջանակում: Հիմնական կերպարներին հենց սկզբից էինք մտածել: Թե ես, թե Արմենը ամբիցիոզ ոչինչ չէինք հետապնդում, դերասաններն էլ իրենց լուման են ունեցել սցենարի ստեղծման մեջ: Բոլոր հերոսները հավաքական կերպարներ են»:

Թեեւ ներկայացման առաջնախաղը եղել է հուլիսի 25-ին, երեկ էլ հուզմունքը չէր նվազել.

«Ինձ համար յուրաքանչյուր ներկայացում իր անհանգստությունն ունի: Կարծում եմ՝ դերասանների մոտ էլ է այդպես, հատկապես առաջին 15 րոպեների ընթացքում: Առաջնախաղից հետո հիմնականում դրական արձագանքներ եմ ստացել: Անկեղծ կասեմ՝ մեկ բացասական արձագանք էլ է եղել: Գիտե՞ք՝ արվեստը ճաշակի հարց է: Ներկայացումն իր մեջ քաղաքական տարրեր ունի, ու մեկը գրել էր՝ ինչո՞ւ է օլիգարխը էժան հումոր անում: Աշխատեցի բացատրել, որ այդ օլիգարխի կարծրատիպերը եղել են մեր հասարակության մեջ ու մինչ օրս ապրում են, իրենք շեքսպիրյան լեզվով չէին խոսում, նույնիսկ, Ազգային ժողովի ամբիոնից էին այնպիսի բառեր ասում, որ մենք էլ լսելիս ապշում էինք, հետեւաբար՝ մենք աշխատել ենք բեմում ցուցադրել այն, ինչ կյանքում կատարվել է: Ռեալ թատրոնի մեջ ես չեմ կարող խոսել շեքսպիրյան լեզվով»:

Անկեղծորեն նաեւ հավելեց. «Ոչ մի ռեժիսորի երբեք ոչ մի բան չի գոհացնում: Գիտե՞ք ինչու, որովհետեւ ռեժիսորը պատկերացնում է իրենը, դերասանը՝ իրենը: Իսկ դու չես կարող կտրել դերասանի թեւերը, այլապես նա կդառնա քո խամաճիկը»:

Թե ինչ էր կատարվում ներկայացման ետնաբեմում եւ բեմին, եւ ովքեր էին հայտնիներից ներկա պրեմիերային, առաջարկում ենք տեսնել մեր ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի



© NEWS.am STYLE