Ռայա Մովսիսյան. «Կցանկանայի որեւէ մրցույթում ներկայացնել Հայաստանը»

22:30   8 հուլիսի, 2013

Երիտասարդ երգչուհի Ռայա Մովսիսյանը 2013 թվականի «Սլավոնական բազար»-ում ներկայացնելու է Ռուսաստանը: Միջազգային այդ մրցույթին մասնակցելու համար հարկավոր է հրաշալի ձայն ունենալ, հեռակա եւ առկա ընտրական փուլ անցնել: Ռայան հրաշալի լուծել է խնդիրը: NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է անցած ուղու, նրա ընտանիքի եւ, իհարկե, հայկական արմատների մասին:

Պատմիր քո մասին: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:

Ամեն ինչ սկսվեց 7 տարի առաջ, ես 12 տարեկան էի, երբ մայրս ինձ երաժշտական դպրոց տարավ: Դրանից հետո իմ ամբողջ կյանքը կապվեց եւ, հուսամ, կապված կլինի երաժշտության հետ: Ընդ որում, ամեն ինչ պատահական ստացվեց, քանի որ ես չէի ցանկանում երաժշտական դպրոց գնալ, քանի որ ուսումնական այդ հաստատության հետ կապված դառը փորձ ունեի:

Կարելի՞ է ասել, որ երաժշտությունը քո արյան մեջ է:

Այո, իհարկե: Առանց երաժշտության չեմ պատկերացնում:

Գիտեմ, որ մայրդ ամեն ինչում օգնում է քեզ: Նա որեւէ դեր խաղացել է Սլավոնական բազարում քո մասնակցության հարցում:

Նա ինձանից թաքուն տեսանյութ էր ուղարկել ընտրական փուլի համար: Հետո մենք անցանք կիսաեզրափակիչ, եզրափակիչ… Ինձ համար այս հսկայական հնարավորություն եւ հսկայական հաջողություն է:

Դու ընդամենը 19 տարեկան եսՉե՞ս վախենում մրցույթում հսկայական երկիր ներկայացնել:

Ո՛չ, չեմ վախենում: Ավելի շուտ հուզվում եմ, քանի որ մեծ պատասխանատվություն եմ զգում:

Հայկական ազգանուն ունես: Կպատմե՞ս արմատներիդ մասին:

Հին ժամանակներում, պապիկիս խոսքով, մեր նախահայրը որոշել է Մովսեսյան ազգանունը փոխել Մովսիսյանի: Եվ հիմա, մի քանի դար անց, մեր ազգանունը տարածվել է ամբողջ Հայաստանում:

Հայաստանում եղե՞լ ես:

Երկու անգամ եմ եղել: Առաջին անգամ 3 տարեկան էի: Երկրորդ անգամ այցելել եմ մեկ տարի առաջ:

Իսկ ի՞նչ հասցրեցիր անել այցելության ընթացքում:

Եղա Իջեւանում, Ստեփանավանում, բարեկամներիս հետ խորոված կերա եւ 2 կգ քաշ հավաքեցի: Դուք, վստահաբար, գիտեք, թե ինչպես են ընդունում հարազատներին (ծիծաղում է): Եղա Երեւանում, զբոսնեցի քաղաքի կենտրոնում, մասնավորապես՝ Օպերայի հարեւանությամբ եւ Հանրապետության հրապարակում:

Իսկ ակումբներ, երեկույթներ

Ես աղմկոտ վայրեր չեմ սիրում: Այդ ինձ համար չէ:

Քեզ հայուհի համարո՞ւմ ես:

Այո, իհարկե: Իմ ընտանիքում բոլորը հայ են՝ բացառությամբ տատիկիս: Նա ռուս է, բայց շատ լավ է խոսում հայերեն: Այնպես որ՝ նա նույնպես մերոնցից է:

Իսկ դու հայերեն խոսո՞ւմ ես:

Բա ոնց (ծիծաղում է)…

Իսկ կցանկանայի՞ր որեւէ մրցույթում ներկայացնել Հայաստանը:

Իհարկե: Շատ կցանկանայի:

Դե, իսկ ե՞րբ սպասենք քեզ այստեղ:

Իսկ հրավիրո՞ւմ եք:

Սպասում ենք

Հավանաբար, հաջորդ տարի, քանի որ այս տարի պետք է ինստիտուտ ընդունվեմ:

Որտե՞ղ ես ուսանելու:

Մի քանի ընտրություն ունեմ. Ժամանակակից արվեստի ինստիտուտ, Գնեսինկա,  Մայմոնիդի անվան ինստիտուտ…

Իսկ ֆակուլտե՞տը:

Երաժշտագիտություն: Չնայած չեմ ցանկանում մանկավարժ դառնալ:

Իսկ ինչպիսի՞ ապագայի մասին ես երազում:

Դեռեւս չգիտեմ: Կապրենք՝ կտեսնենք:

Հ.Գ. Քանի որ Ռայայի հետ զրուցեցինք գիշերը, իսկ հաջորդ առավոտ նա պետք է մեկներ Բելառուս՝ մրցույթին մասնակցելու, նրա պատասխաններից մի քանի համառոտ էին: Բայց երգչուհին խոստացավ անպայման մեր զրույցը շարունակել մրցույթից հետո եւ ներկայացնել տպավորությունները:



© NEWS.am STYLE