Հայկական տոլման կարող է ընդգրկվել Գինեսի գրքում

15:20   8 հուլիսի, 2013

Տոլմայի ավանդական փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ին, Արմավիրի մարզի «Սարդարապատ» հուշարձանային համալիրի հարեւանությամբ: Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Այս տարի փառատոնի մասնակիցներին հանձնարարվել է պատրաստել ամենից երկար տոլման: Դրանից հետո նախատեսվում է միջոցառմանը ներգրավել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին՝ տոլման Գրքում ներառելու համար:

«Միջոցառման գլխավոր նպատակը հայկական ավանդական ուտեստների տարածումը եւ հայկական ոչ նյութական մշակութային արժեքներից մեկի՝ խոհանոցի զարգացումն ու ամրապնդումն է: Փառատոնը եւս մեկ կարեւոր նպատակ ունի. հաստատել տոլմայի հայկական ծագումը՝ հերքելով տարածված կարծիքը, թե այն ադրբեջանական արմատներ ունի»,- նշեց Մամուլյանը:

«Տոլմայի փառատոնը համընկնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման հետ: Շատ երկրներում ցանկացած փառատոնի անցկացման ընթացքում շեշտը դրվում է ազգային խոհանոցի ներկայացման վրա: Այդ հրաշալի հնարավորություն է՝ տարբեր երկրներին հյուրերին Հայաստանի ազգային խոհանոցին ծանոթացնելու համար»,- նշեց «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կիոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը:

«Երիտասարդություն» ՀԿ ներկայացուցիչն իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնի բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին՝ նշելով, որ արդեն հաջորդ տարի փառատոնի սահմանները կընդլայնվեն եւ Հայաստանին կմիանան նաեւ խոհարարներ Լեռնային Ղարաբաղից:

Նշենք, որ փառատոնի ընթացքում ժյուրին հաղթող է ընտրում երեք անվանակարգերում. տոլմայի «լավագույն տեսք», «լավագույն համ» եւ «լավագույն գաղափար»: Բացի այդ, կազմակերպիչներն առանձին մրցանակներ են նախապատրաստել լավագույն սկսնակ խոհարարի եւ տաղավարի լավագույն ձեւավորման համար:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնն ուղեկցվելու է երգ ու պարով:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE