Մետրոպոլիտեն թանգարանը Կարլ Լագերֆելդի մասին ցուցահանդես կկազմակերպի

15:55   1 օգոստոսի, 2019

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը մասշտաբային ցուցահանդես է պատրաստում՝ նվիրված Կարլ Լագերֆելդին։ Ցուցահանդեսի պատրաստման վրա, որը ծրագրված է 2022թ.-ին, արդեն աշխատում է կոստյումի ինստիտուտի գլխավոր հոգաբարձու Էնդրյու Բոլթոնը։ Այս մասին WWD-ին հայտնել են հաստատությանը մոտ կանգնած աղբյուները։ Մյուս մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում։

Կարլ Լագերֆելդը կյանքից հեռացել է 2019թ.-ի փետրվարին։ Վերջին տասնամյակների ընթացքում նա Chanel եւ Fendi նորաձեւության տների անփոփոխ ստեղծագործական տնօրենն էր, ինչպես նաեւ ղեկավարում էր Karl Lagerfeld ապրանքանիշը։

Հիշեցնենք՝ Մետրոպոլիտեն թանգարանում այժմ տեղի է ունենում «Camp: Notes on Fashion» ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 8-ը։ Իսկ նոյեմբերի 27-ին կբացվի էքսպոզիցիան, որը նվիրված է նորաձեւության ամերիկացի պատմաբան եւ կուտյուրային հագուստի կոլեկցիոներ Սենդի Շրայերին։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE