Հայաստանում լավաշը հեղափոխական է, իսկ տնական օղին «քաշում են» երեխաները. Միխայիլ Շիրվինդտի «Съедобное- несъедобное» հաղորդման նոր թողարկումը (վիդեո)

10:31   6 օգոստոսի, 2019

Հայկական ուրվանկաների հերթական չափաբաժնով Youtube-յան իր էջում կիսվել է հայտնի հաղորդավար, բլոգեր Միխայիլ Շիրվինդտը։ Հիշեցնենք՝ «Съедобное- несъедобное» հաղորդման նոր թողարկումը նկարահանելու համար Շիրվինդտը Հայաստան էր եկել կնոջից՝ Տատյանա Մորոզովայից բաժանվելուց անմիջապես հետո եւ ըստ ամենայնի՝ Հայաստանում մոռացել է ընտանեկան բախումների մասին։ Ամեն դեպքում, դատելով հրապարված տեսանյութից՝ Շիրվինդտը հրաշալի տրամադրություն ունի։

Հայտնի հաղորդավարն այցելել է երեւանյան շուկաներից մեկը, փորձել «չրերը, որոնք աճում են հենց ծառերի վրա», բացահայտել «լավաշի հեղափոխական գաղտնիքը»։

Նա նաեւ տնական օղի է փորձել, որը «քաշել են» աշտարակցի տղաները, իմացել, որ արիշտան համեղ է իտալական պաստայից, որտեղից է եկել «ականջներին լափշա կախել» արտահայտությունը եւ ի վերջո սովորել է չշփոթել հայկական քաղցր սուջուխն ու վրացական չուրչխելան։ Մի խոսքով, շատ հետաքրքիր բաներ, որոնք հնարավոր է, ինքներս էլ չգիտեինք։  

Սա «Съедобное- несъедобное» հաղորդման արդեն երրորդ թողարկումն է, որը նկարահանվել է Հայաստանում, եւ հենց Շիրվինդտի շնորհիվ հանրությունն իմացավ, որ մարսելցիները, որոնք գովերգված բուսայբես են պատրաստում, հայկական ձկնային ապուրը երազում չեն տեսել եւ այն մասին, թե ինչպես են խեցգետնով քաբաբ պատրաստում։



© NEWS.am STYLE