«ՌեԱնիմանիա»-ն «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց կանցկացնի

15:11   7 օգոստոսի, 2019

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը հատուկ դասընթաց-սեմինար կկազմակերպի, որի նպատակն է զարգացնել հայ քննադատների եւ լրագրողների հմտությունները, որոնք հոդվածներ եւ վերլուծություններ են գրում անիմացիոն ֆիլմերի մասին: Մրցանակը ճանապարհորդություն է 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020թ. մայիսին կայանալիք անիմացիոն ֆիլմերի փառատոնին (ITFS):

Դասընթացը կազմակերպվում է Երեւանի Գյոթե կենտրոնի հետ համատեղ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:

Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019-ի անիմացիոն լիամետրաժ եւ ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ, քննադատություններ գրելու համար: Անիմացիոն ֆիլմը մեդիայում դիտարկելու նպատակն է զարգացնել հայ քննադատների եւ լրագրողների հմտությունները, որոնք գրում են հոդվածներ եւ վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին եւ այդպիսով բարելավել անիմացիոն արվեստի լուսաբանումը Հայաստանում եւ տարածաշրջանում:

Սեմինարի փորձագետ Կլաուս Լոսերը մասնակիցներից կպահանջի ամեն օր ներկայացնել հոդվածները մինչ հաջորդ օրվա սեմինարի սկիզբը:

Դասընթացը կտեւի 7 օր եւ կանցկացվի սեպտեմբերի 9-15-ը Երեւանի Գյոթե կենտրոնում: Դրան կարող են մասնակցել պրոֆեսիոնալ կինոքննադատները, կինոյով հետաքրքրված լրագրողները, 19 տարին լրացած ուսանողները: Հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 30-ը:

«ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական եւ միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները՝ մեկը լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում:



© NEWS.am STYLE