Հայ պարուհուն Եգիպտոսից արտաքսում է սպառնում «անբարոյականություն դրդելու համար» (վիդեո)

16:59   8 օգոստոսի, 2019

Հայ պորտապարուհի Ծովինար Գրիգորյանին, որը հայտնի է Սաֆինազ կեղծանվամբ, Եգիպտոսից արտաքսում կամ երեք տարվա ազատազրկում է սպառնում։ Իշխանություններին դուր չի եկել, որ Ծովինարը ելույթի ընթացքում պարել է բիկինի կրող կանանց հետ։ Տեսանյութը հրապարակվել է Youtube-ում։

«Երաժշտական սինդիկատը» եւս հայտարարությամբ է հանդես եկել ընդդեմ Սաֆինազի ելույթի եւ հայտարարել, որ «նրա դեմ միջոցներ կձեռնարկվեն»։

Al Watan News-ի հետ զրույցում պարուհին պատասխանել է բոլոր մեղադրանքներին։ «Ես միշտ հետեւում եմ կանոններին, որոնք վերաբերում են պորտապարի համար համապատասխան հագուստ կրելուն եւ բեմում երբեք մերկ չեմ եղել»։ Ծովինարի խոսքով՝ ինքը չի կարող պատասխանատվությոն կրել կանանց փոխարեն, որոնք սկսել են պարել իր հետ։ Մինչ դատական գործընթացը շարունակվում է, պարուհուն արգելված է ելույթ ունենալ։

2015թ.-ին Սաֆինազը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման եգիպտական դրոշը վիրավորելու համար։ Դատարանը Ծովինար Գրիգորյանին նաեւ պարտավորեցրել էր 15 000 եգիպտական ֆունտ տուգանք վճարել (907$)։

Ծովինարը ծնվել է Արմավիրում, երկրաշարժից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Թատերական ինստիտուտի շրջանավարտը նկարահանվել է մի քանի ֆիլմում, իսկ 2002թ.-ից զբաղվում է արաբական պարերով՝ ելույթ ունենալով Մերձավոր արեւելքում։



© NEWS.am STYLE