«Ավելի լավ է ապրել մեկ տարի, բայց՝ որպես վագր, քան հարյուր տարի, բայց լինել ոչխար». Մադոննան նշում է 61-ամյակը

12:30   16 օգոստոսի, 2019

Փոփ երաժշտության թագուհի համարվող լեգենդար երգչուհի Մադոննան, այսօր՝ օգոստոսի 16-ին, նշում է ծննդյան 61-ամյակը:

Աշխարհահռչակ երգչուհու տարբերվող տեմբրը ոչ միանշանակ է ընդունվում երաժշտասերներից շատերի կողմից (այս տարի կայացած «Եվրատեսիլ»-ին, որտեղ երգչուհին հատուկ հյուր էր, նրա ելույթը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Շատերը նկատեցին, որ Մադոննան իր վոկալային տվյալներով բավայկան զիջում էր մրցույթի երիտասարդ եւ փորձով զիջող մասնակիցներին), բայց հմայքը, ոճն ու երգացանկը երգչուհուն հասցրել են մի սանդղակի, որից նա տարիներ շարունակ չի իջնում:

Մադոննայի հաջողության գրավականը ոչ միայն նրա տարբերվող երգացանկն ու սեքսուալ կերպարն են (ի դեպ, երգչուհու էպոտաժային զարդերից շատերը հեղինակել է ազգությամբ հայ դիզայներ Մարիաննա Հարությունյանը), այլեւ տեսահոլովակների յուրահատուկ սցենարային լուծումները: Իր հիթերի մեծամասնությունը երգչուհին հենց ինքն է հեղինակել եւ միայնակ զբաղվել դրանց պրոդյուսինգով: Դրանք երկար ժամանակ եղել են ամենահեղինակավոր հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում: Այդ ցանկում են՝ Like a Virgin, Papa Don’t Preach, Like a Prayer, Vogue, Take a Bow, Frozen, Music, Hung Up, La Isla Bonita եւ 4 Minutes երգերը:

Այսօր առաջարկում ենք այդ ստեղծագործությունները վայելել՝ վերընթերցելով «փոփի թագուհու» հայտնի մտքերը, որոնք ոգեշնչում են նրա երիտասարդ կոլեգաներից շատերին:

«Շատերը վախենում են ասել իրենց սրտի ուզածը, ահա, թե ինչու նրանք չեն ստանում այն, ինչ ցանկանում են»:

«Ես ինքս ինձ վրա ծիծաղում եմ: Ես ինձ ընդհանրապես լուրջ չեմ ընդունում: Կարծում եմ՝ սա մի հատկանիշ է, որն անհրաժեշտ է մարդկանց: Պետք է ծիծաղես, հատկապես՝ ինքդ քեզ վրա»:

«Երբեք մի մոռացեք երազելու մասին»:

«Իրական ուժն այն է, երբ քեզ ասում են, որ չեն սիրում, իսկ դու դրանից չես կոտրվում»:

«Ավելի լավ է ապրել մեկ տարի, բայց՝ որպես վագր, քան հարյուր տարի, բայց լինել ոչխար»:

«Կցանկանայի մտածել, որ ես մարդկանց միայն չեմ զվարճացնում, այլեւ ինձ հետ տանում եմ մի ճանապարհորդուրթյան, օգնում, որ հեռանալուց առաջ շատ բաների մասին մտածեն»:

«Ես կոշտ եմ, ես նպատակասլաց եմ, ու եթե այդ հատկանիշներն ինձ կախարդ են դարձնում, ես համաձայն եմ լինել այդպիսին»:

«Կապ չունի, թե ով ես, ինչ ես արել ու որտեղից ես, դու միշտ էլ կարող ես փոխվել՝ դառնալով քո լավագույն տարբերակը»:

«Ուզում եմ լինել Գանդիի, Մարթին Լյութեր Քինգի ու Ջոն Լենոնի նման, բայց նախընտրում եմ մնալ ողջ»:

«Ես եղել եմ ե´ւ սիրված, ե´ւ ատելի, ե´ւ հաջողակ ե´ւ ձախողակ, ե´ւ սիրված, ե´ւ դավաճանված, եւ հիմա ես գիտեմ, թե որքան անիմաստ է այդ ամեն ինչը, դրա համար էլ ես միշտ բաց եմ ռիսկերի առաջ»:

Լուսանկարները՝ Մադոննայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE