«Այդ բնազդն իմ մեջ վաղուց կա». Սիլվի Բարկովան՝ հղիության լուրերի, ամուսնուն հայերեն սովորեցնելու եւ Հնդկաստանում հայկական ուտեստներ պատրաստելու մասին

15:16   17 օգոստոսի, 2019

Դերասանուհի Սիլվի Բարկովան մոտ մեկ տարի Հնդկաստանում լինելուց հետո հայրենիքի ու հարազատների կարոտն առնելու նպատաով վերադարձել է Հայաստան: Հրեական արմատներ ունեցող Հնդկաստան «հարս գնացած» հայ գեղեցկուհուն հանդիպեցի Սարյան փողոցում, որտեղ էլ բնակվում է դերասնուհին: Հենց այս փողոցում է անցել Սիլվիի մանկությունը եւ հենց այս վայրն էր դերասանուհին ամենից շատ կարոտել Հնդկաստանում լինելու ընթացքում: Ամուսինը դեռեւս չի ժամանել Հայաստան, բայց Սիլվին ասում է՝ մոտ ապագայում նա եւս կմիանա իրեն: Ի դեպ, մինչ Սիլվիի հետ զրուցում էինք՝ Սուադինը (Սիլվիի ամուսինը) մի քանի անգամ զանգահարեց. այդ ընթացքում, նույնիսկ, հայերենով զրուցեցինք, բայց ամեն ինչi մասին հերթով…

NEWS.am STYLE-ը Սիլվի Բարկովայի հետ զրուցել է դերասանական ուղու, այն Հնդկաստանում շարունակելու, հնդկական ընտանիքում հարս լինելու դժվարությունների, հղիության լուրերի եւ այն կարոտի մասին, որը նրան բերել է Հայաստան:

Սիլվի, այսօր համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը քո հնդկական ամուսնությունն է, սակայն մինչ այդ՝ երկար տարիներ արդեն նկարահանվում էիր հայկական սերիալներում ու սիթքոմներում: Արի վերհիշենք՝ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց: Ինչո՞ւ որոշեցիր դառնալ դերասանուհի:

Երեք տարեկանից եմ որոշել դառնալ դերասանուհի, ու միշտ վստահ էի, որ հենց այդպես էլ լինելու է: Չնայած սկզբում ասում էի՝ ուզում եմ դառնալ երգչուհի, պարուհի, դերասանուհի, այսինքն՝ առաջին տեղում երգչուհու մասնագիտությունն էր: Վաղ հասակում սկսեցի զբաղվել ժողովրդական պարով, սակայն հետո հասկացա, որ դա իմը չէ, ու ընտրեցի հիփ-հոփ ճյուղը: Ի դեպ, իմ հետեւորդները նկատած կլինեն, որ Հնդկաստանում էլ այսօր զբաղվում եմ հնդկայկան դասական պարով:

Նորից վերադառնամ դերասանուհի դառնալու մտքին՝ այո, դա եղել է շատ փոքր տարիքից: Թատերական ինստիտուտը շատ մոտ էր մեր տանը, բայց երբեք չեմ իմացել, թե դա ինչ ինստիտուտ է: Ընդունելության քննություններին մնացել էր 20 օր, երբ ես մտա ինստիտուտ: Այդ օրերի ընթացքում հասցրեցի ռեկորդային քանակությամբ գրքեր կարդալ, բայց դա, իհարկե, դեռ քիչ էր: Մտա այնտեղ եւ ասացի՝ ընդունեք՝ ընդունեք, եթե ոչ՝ Հայաստանը մեծ դերասանուհի կկորցնի (ծիծաղում է): Նրանք էլ որոշեցին «մեծ դերասանուհուն» չկորցնել (ծիծաղում է):

Բայց հետաքրքիր է՝ այդ վաղ տարիքում ի՞նչը, կամ ո՞վ էր քեզ ոգեշնչել սիրել դերասանական արվեստը: Մի՞գուցե որեւէ ֆիլմ էր տպավորել

Երբեք չի եղել, որ որեւէ ֆիլմ դիտեմ, հավանեմ, եւ դրանից հետո որոշեմ դառնալ դերասանուհի: Բայց կա մի ֆիլմ, որի հերոսուհուն ցանկացել եմ կերտել՝ դա Ջուլիետն է՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգությունից: Ֆիլմը դիտել եմ 15 տարեկանում, իսկ 18-ում արդեն այդ դերը կերտելու հնարավորությունն ընձեռվեց ինձ:

Մանկությունդ ինչպե՞ս է անցել: Ինչպիսի՞ երեխա ես եղել:

Եղել եմ «ինչուիկ»-ը: Միշտ գլխումս հարցեր են առաջացել ու շատ աշխույժ եմ եղել: Մորաքույրս ասում է՝ երբ ինձ արգելում էին ինչ-որ բանի ձեռք տալ, դիպչում էի դրան ու ասում՝ ինչո՞ւ, ի՞նչ կլինի (ծիծաղում է):

Այսօր քո անունն ավելի հաճախ կապվում է Հնդկաստանի հետ. փոքր հասակում բոլիվուդյան ֆիլմեր շա՞տ էիր նայում: Ո՞րն էր ամենասիրելի ֆիլմը քեզ համար:

«Սրտի կապվածություն» ֆիլմն եմ շատ սիրում, որտեղ Աշվարիա Ռայն է գլխավոր դերում: Հիշում եմ՝ համալսարանում էլ շատ էի նայում բոլիվուդյան ֆիլմեր, իսկ մի ժամանակ Հայաստանում հնդկական ֆիլմեր նայելը «ամոթ» էր, կամ ծիծաղելի, քանի որ դրանք շատ սենտիմենտալ էին համարվում: Կուրսեցիներս կատակում էին ու ասում՝ ամբողջ աշխարհն ասում է Հոլիվուդ, մեր Սիլվին ասում է Բոլիվուդ: Դու վերջը Բոլիվուդ ես գնալու (ծիծաղում է): Իհարկե, Բոլիվուդ դեռ չեմ հասել, բայց արդեն Հնդկաստանում եմ:

Դա քեզ համար երազա՞նք էր:

Անկեղծ ասած՝ ոչ: Երբեք չեմ երազել Բոլիվուդում հայտնվելու մասին: Հնդկաստանը եւս երազանք չէր: Բայց միշտ շատ եմ սիրել իրենց ֆիլմերը, ու, իհարկե, եթե լինի նկարահանման առաջարկ, բնականաբար, չեմ մերժի:

Մտքովդ երբեւէ անցե՞լ էր, որ հենց Հնդաստան ես «հարս գնալու»:

Հա: Այնպես չէ, որ երբեւէ մտածել եմ այստեղ եմ գնալու կամ այնտեղ, բայց երբեք չեմ բացառել օտարազգի ներկայացուցչի հետ ամուսնանալը:

Ընտանիքդ ինչպե՞ս վերաբերվեց որոշմանդ:

Այդ ամեն ինչն այնքան արագ ստացվեց՝ նույնիսկ ինձ համար: Ես՝ ինքս, ամուսնությունից մի քանի օր անց միայն հասկացա իմ նոր կարգավիճակը: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ, բնականաբար, նրանց համար էլ էր անսպասելի:

Հնդիկ ամուսին ունենալու ամենամեծ դժվարությունը ո՞րն է:

Երեւի՝ նրանց ուտեստները պատրաստելը (ծիծաղում է): Շատ եմ ասել, որ ինքս շատ քիչ բան եմ ուտում նրանց խոհանոցից: Հիմա ամուսնուս համար սկսել եմ մեր հայկական ուտեստներից էլ պատրաստել՝ որոշ աղցաններ: Նաեւ փքաբլիթներ եմ պատրաստում: Քիչ-քիչ սովորեցնում եմ մեր համերին: Տոլմա դեռ չեմ պատրաստել, որովհետեւ նրանք տավարի միս չեն ուտում, բայց մի օր հավի մսով կպատրաստեմ (ծիծաղում է):

Կա՞ն հնդկական սովորույթներ, որոնց մինչ օս դժվար է համակերպվելը:

Ես չեմ կարողանում համակերպվել նրանց բազմաստվածությանը: Չնայած՝ լավ է, որ իմ եւ ամուսնուս միջեւ այդ խնդիրը չկա: Նա եւս կարծում է, որ գոյություն ունի միայն մեկ Աստված: Դա է դժվար, բայց լավ է, որ ես այդ ամենի մեջ չկամ:

Շա՞տ զոհողություններ են պետք հայ կնոջը՝ Հնդկաստանում ապրելու համար:

Հա… Օրինակ՝ շատ հնդկական ընտանիքներում պետք է առավոտյան շատ վաղ արթնանաս, հակառակ դեպքում՝ ասում են՝ օրհնությունը քեզ չի գալիս: Նայած՝ ինչ ընտանիք ես գնում: Դա էլ է շատ կարեւոր: Մեծագույն սթրես է նաեւ քաղաքի անշուք լինելը: Դեռ չեմ սովորում այդ տարբերություններին: Ես մեր սովորույթներն ու մթնոլորտը շատ եմ սիրում: Ի դեպ, միտք կա ամուսնուս հետ այստեղ տեղափոխվելու, նույնիսկ, բիզնես սկսելու, բայց դեռ առաջ չընկնենք:

Մեզ հետ նախորդ զրույցում նշել էիր, որ ամուսինդ խանդոտ է: Ինչպե՞ս համակերպվեց այն մտքին, որ միայնակ գալու ես Հայաստան:

Նա ինձ մի փոքր ավելի ուշ կմիանա այստեղ: Հասկացավ, որ ինձ համար արդեն անհնար էր դիմանալը: Աղջիկներն ինձ կհասկանան, որ երբ քույրդ երեխա է ունենում, դու չես կարողանում համակերպվել այն մտքին, որ դեռ չես տեսել նրա փոքրիկին: Դա շատ ցավալի էր ինձ համար: Դեռ հստակ չգիտեմ՝ երբ, բայց կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ նա էլ կգա այստեղ:

Ի դեպ, գիտեմ, որ դու սովորում ես հնդկերեն՝ այնտեղ աշխատելու համար, իսկ ամուսնուդ կարողացե՞լ ես սովորեցնել հայերեն բառեր:

Սյո, նա գիտի որոշ բառեր, նույնիսկ նախադասություններ է կարողանում ասել: Այ, հիմա կզանգահարեմ նրան եւ կտեսնես:

Սիլվի. Սուադին, բարեւ, ո՞նց ես:

Սուադին. Բարեւ, լավ եմ, դու ո՞նց ես:

Սուադին, Սիլվիին կարոտե՞լ ես:

Շատ…

Սիլվի, ի դեպ, վերջերս լուրեր էին տարածվել, թե բալիկի ես սպասում: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

Չգիտեմ՝ ինչու նման լուրեր տարածվեցին: Կամ, միգուցե, հարցազրույցներիցս մեկից հետո է եղել: Հագել էի մի բլուզ, որը մի փոքր լայն էր, եւ երեւի դա էր նման կարծիքների պատճառ դարձել: Բայց ես դեռ բալիկի չեմ սպասում:

Պատրա՞ս ես արդեն մայրանալուն:

Միշտ եմ պատրաստ եղել: Այդ բնազդն իմ մեջ վաղուց կա: Բայց դեռ մտածում ենք՝ մի քիչ շուտ է…

Մոտ մեկ տարի Հնդկաստանում էիր: Ի՞նչը կամ ո՞ւմ էիր ամենից շատ կարոտել Հայաստանում:

Քրոջս բալիկին էի ամենից շատ կարոտել: Նրա երկրորդ բալիկին էլ էի անհամբեր սպասում տեսնել, որին ծնվելուց հետո չէի տեսել: Իմ հարազատներին էի ամենից շատ կարոտել:

Հիմա, երբ այստեղ ես, նկարահանման առաջարկներ կա՞ն:

Ճիշտն ասած՝ շատերը դեռ չգիտեն, որ այստեղ եմ: Իսկ առաջարկների դեպքում սիրով կնկարահանվեմ: Մոտ ապագայում, անպայման, կլինեմ եթերում՝ լինի հնդկական, թե հայկական:

Սիլվի, այսօր ի՞նչ երազանքներ ունես:

Երազանքս տեւում է մեկ օր, հետո այն վերածվում է նպատակի: Դե, իսկ նպատակներիցս մեկը՝ որպես դերասանուհի աճելն է: Չգիտեմ՝ հաջորդիվ կյանքումս ինչ կլինի, որովհետեւ ինձ մոտ ամեն ինչ անսպասելի է լինում: Երբ ետ եմ նայում կյանքիս տարիներին, շատ ռիսկային որոշումներ եմ ընդունել: Այնպես, որ Աստծո կամոք՝ կլինի այն, ինչ պետք է լինի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սիլվի Բարկովայի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE