Նիհարողի օրագիրը. մինուս 0.6 կգ

20:25   10 հուլիսի, 2013

Ողջո՛ւյն: Նիհարելու գործընթացը, կարծես, առանց կանգառի է ընթանում: Դժվար ժամանակաշրջանն անցավ, եւ հիմա ես նորից ամեն առավոտ ուրախանում եմ՝ կանգնելով կշեռքին: Եվս 1-2 շաբաթ, եւ 10 կգ կկորցնեմ: Սա գրում եմ թերահավատների համար, ովքեր դեռեւս կասկածում են, որ ես երբեւէ ձեռք կբերեմ երազանքիս կազմվածքը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են երբեմն մարդիկ աջակցելու փոխարեն ծաղրում:

Չնայած, մյուս կողմից, նման մեկնաբանություններն ու ծաղրը միայն ուժ են տալիս, որպեսզի հավաքվեմ եւ առանց կանգնելու առաջ շարժվեմ: Հնարավոր է, որ շուտով ձեզ ցուցադրեմ իմ նոր լուսանկարը: Կկարողանաք գնահատել կազմվածքս «մինչեւ» եւ «հետո»:

Եվ այսպես, առջեւում նվազագույնը 30 կգ կա: Երբեմն մտածում եմ, որ ուսերին եւս մեկ մարդ եմ քարշ տալիս: Իսկ ինչո՞ւ, եթե կարելի է թեթեւ եւ գեղեցիկ լինել:

Հ.Գ. Ես սովահար եմ…

Անի



© NEWS.am STYLE