MasterChef հայտնի նախագծի հայ ֆինալիստ Անուշկան պատմում է` ինչպես է ընտանիքից 6 ամիս հեռու գտնվել հանուն մրցույթի եւ ինչով է գրավել ժյուրիին

13:11   19 օգոստոսի, 2019

Խոհարարների ամենահայնի` MasterChef մրցույթի ավստրալական տարբերակն այս տարի աչքի ընկավ ոչ միայն թեժ մրցակցությամբ, այլեւ հայկական համ ու հոտով: 24 ֆինալիստների մեջ իր հմտությամբ փայլեց նաեւ ազգությամբ հայուհի Անուշկա Զարգարյանը, որն իր ուտեստների շնորհիվ կարողացավ հասնել մինչեւ լավագույն վեցնյակ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայ մասնակիցը պատմել է` ինչպես է ստացվել մրցույթում իր մասնակցությունը, որն է եղել ամենադժվար փորձությունն ու ինչպես է ամիսներ շարունակ դիմակայել ընտանիքի կարոտին:

Ամուսնու եւ երեխաների հետ Անուշկան Ավստրալիայում բնակություն է հաստատել 2001 թ-ից: Մինչ մրցույթին մասնակցելը` Անուշկան ունեցել է օպտիկական խանութ սրահի բիզնես: Այն վաճառելուց հետո որոշել է զբաղվել մի բանով, որն իր հոգուն ավելի հարազատ է.

«Ունեի բավականին ազատ ժամանակ, երեխաներս էլ արդեն մեծահասակ են: Սիրում եմ խոհանոցը, այն ինձ համար թերապիայի միջոց է: Առանց սպասելիքների եմ մասնակցել մրցույթին, պարզապես իմ հաճույի համար»:

Ինչպես հայտնի է` խոհարարական այս ձեւաչափն աչքի է ընկնում բարդ փորձություններով. Անուշկան վերհիշեց, թե որն է եղել իր համար բարդագույնը.

«Մրցույթի ընթացքում կան փուլեր, երբ պետք է կրկնօրինակես հանրաճանաչ խոհարարների կամ հրուշակագործների բաղադրատոմսերը, որոնք իսկապես շատ բարդ են` թե կառուցվածքով, թե տեսքով: Ինձ համար դժվարներից մեկը հայտնի շոկոլադագործ եւ հրուշակագործ Քրիստեն Թիբալսի` խնձորով կարկանդակի փորձությունն էր: Այն սովորական կարկանդակ չէր, բսղադրատոմսը կազմված էր 11 էջից եւ 62 քայլից` 10 տարբեր էլեմենտ... Շատ բարդ էր,բայց մեծ բավականություն եմ ստացել նաեւ, երբ 50 մասնակցից ընդգրկվեցի լավագույն 24-ի մեջ: Դա առաջին էպիզոդն էր, որի ընթացքում պատրաստեցի մեղրով տորթ»:

Անուշկան, սակայն, խոստովանում է` խոհարարական փորձություններից զատ` ամենադժվարը ընտանիքի անդամներից մոտ 6 ամիս շարունակ հեռու գտնվելն էր.

«Երբեք այդքան երկար ժամանակով չէի հեռացել իմ ընտանիքից, դրան գումարվել էր նաեւ այն փաստը, որ ապրում ես բոլորովին անծանոթ միջավայրում, բոլորովին անծանոթ մարդկանց հետ»:

Ժյուրիի անդամներին հայ խոհարարուհին գրավում էր, հատկապես, իր պատրաստած համեղ հրուշակեղենով.

«Ես կարողանում եմ համադրել բանջարեղենը, մաղադանոսը եւ համեմունքները, որոնք սովորաբար օգտագորվում են աղի ուտեստների մեջ: Ես դրանք օգտաործում եմ աղանդերի մեջ եւ դա շատ յուրօրինակ համային համադրություն է ստեղծում: Նրանք շատ հավանել էին իմ պատրաստած խնձորով եւ սամիթով, ինչպես նաեւ` բազուկով եւ այծի կաթով աղանդերը»:

Նախագիծը նոր է ավարտվել, բայց արդեն մի շարք դռներ է բացել հայ մասնակցի առջեւ.

«Ունեմ խոհարարական դպրոցների հետ համագործակցության առաջարկներ, նաեւ աշխատում եմ իմ ապրանքանիշի վրա: Նոյեմբերի վերջին իմ բրենդային առաջին հրուշակեղենը կներկայացնեմ հանրությանը»:

Անուշկան այս օրերին դստեր հետ Հայաստանում է, այստեղ կլինեն մինչեւ սեպտեմբերի 4-ը: Ավստրալաբնակ հայուհին նշում է` շատ կցանկանար հնարավորության դեպքում` հայաստանաբնակ հայերին էլ ներկայացնել իր պատրաստած ուտեստները.

«Եթե լինեն ռեստորաններ, որոնք կցանկանան ներկայացնել իմ պատրաստած ուտեստները, ես սիրով պատրաստ եմ համագործակցության: Իսկ մինչ այդ` իմ հայրենակիցներն ինձ կարող են հետեւել Facebook-ում եւ Instagram-ում, իսկ իմ բաղադրատոմսերն առկա են www. anushkaskitchen.com.au կայքում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Անուշկա Զարգարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE