«Ֆրեսկո». Երեւանում կմեկնարկի արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

16:49   19 օգոստոսի, 2019

2019 թ.-ի օգոստոսի 23-ից 30-ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը:

Ամառային վերջին օրերը հայաստանցիների եւ հյուրերի համար 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական ժողովրդական տոնակատարություն՝ հանդիսատեսին դարձնելով արվեստի մի մասնիկը: Փառատոնը կունենա երկու բացում. Մոսկվա Կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում-քննարկում ֆիլմը ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի եւ քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, որը ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ օգոստոսի 24-ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու եւ Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի համերգային ծրագրով:

Փառատոնի ծրագրում կընդգրկվեն բացօթյա տարածքում եւ դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկում ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ»:

Այս տարի Ֆրեսկոն լի է նաեւ նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրեսկոյի շրջանակներում կներկայացնեն սեփական փառատոների փորձառությունը, առաքելությունը եւ լավագույն ֆիլմերը՝ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն, «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն, «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն: Իսկ փառատոնի՝ արտերկրից ժամանած եւ հայաստանյան 30 հյուրերը, փառատոնի ամբողջ ընթացքում կդառնան հանդիսատեսի ուղեկից-ընկերը արվեստում, որոնց թվում են Հայր Մարեք Լիս (Լեհաստան), որը մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ (Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, հյուրերի ցանկում են նաև կինոփառատոների նախագահներ, կինոգործիչներ, հոգեւորականներ:

Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում:

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլեւ ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի եւ Ջուղայի:



© NEWS.am STYLE