Նորաձեւ գլխարկը կնոջը կվերածի իսկական լեդիի

21:35   12 հուլիսի, 2013

«Երկու բան կա, որ տղամարդկանց տրված չէ հասկանալ. Արարման գաղտնիքը եւ իրենց կանանց գլխարկները»,- այս խոսքերը միայն հաստատում են, որ լեգենդար Շանելը չէր կարողանում ապրել առանց իր գլխարկների տիեզերական հավաքածուի:

 

Ամառն ու տաք արեւը հրաշալի են, սակայն տանից դուրս գալիս պետք չէ մոռանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցության մասին: Հանգստից լիարժեք հաճույք ստանալու եւ առողջության համար վնասակար ճառագայթումից գլուխը պաշտպանելու հարցում օգնում են լայնեզր գլխարկները: Պաշտպանիչ գործառույթը, սակայն, ամառային գլխարկի հանդեպ միակ պահանջը չէ. այն պետք է նաեւ որակյալ եւ հարմարավետ լինի:

NEWS.am STYLE-ը որոշեց օգնել գլխարկի ընտրության հարցում:

Գարուն-ամառ 2013 սեզոնի գլխարկները տարատեսակ են: Նորաձեւ են լայնեզր եւ ծղոտե, ինչպես նաեւ ֆեդոր եւ տրիբլի գլխարկները, որոնք փոխառվել են տղամարդկանց զգեստապահարանից:

 

Ինչպես հագուստի, այնպես էլ արեւից պաշտպանող գլխարկների համար անփոխարինելի են բնական գործվածքից կտորները, առաջին հերթին՝ բամբակը: Այն գլուխը հրաշալիորեն պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ ունակ է «շնչելու» եւ խոնավությունը ներծծելու: Այս հատկություններն էլ գլխարկի տիրոջը վստահության եւ հարմարավետության զգացողություն են հաղորդում:

 

Բամբակից բացի, այս ամառ բազմաթիվ աղջիկներ ընտրում են հիթային ֆեդոր կամ տրիբլի գլխարկներ: Այն հրաշալի աքսեսուար է: Նման գլխարկ ընտրելիս հարկավոր է օգտագործել դեկորատիվ տարրեր, օրինակ՝ մետաքսե ժապավեն կամ այլ զարդարանք:

 

Երեւանում նորաձեւ գլխարկներ կարելի է գնել մի քանի խանութներում, սակայն, զարմանալիորեն, ներկայացված է միայն մեկ կամ երկու տարբերակ: Միակ հուսադրող փաստն այն է, որ դրանք որակյալ են: Երեւանում բազմաթիվ են միջազգային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչները: Նման խանութներում գլխարկի գինը տատանվում է 7.000-ից 9.000 դրամի սահմաններում: Իսկ մետրոպոլիտենի կայարանների հարեւանությամբ գործող փոքրիկ խանութներում, չնայած ընտրության մեծ հնարավորությանը, գլխարկների որակն այնքան էլ հուսալի չէ:

 

Գլխարկ ընտրելիս կարեւոր դեր ունի նաեւ դրա չափսը: Հաճախ մարդիկ ամառային լայնեզր գլխարկ գնելիս սխալմամբ ընտրում են գլխին ամուր փակչող տարբերակ: Սակայն հարկ է հիշել, որ այդպիսի գլխարկը տհաճ զգացողություններ եւ գլխացավ է առաջացնում:

 

Լայնեզր գլխարկները կանացի զգեստապահարանի պարտադիր աքսեսուարն են: Բացի արեւից պաշտպանելուց, դրանք ամառային կերպարին խորհրդավորություն եւ կանացիություն են հաղորդում:

Կարինա Աբրահամյան



© NEWS.am STYLE