«Գութան» փառատոնում կներկայացվեն երկու տասնյակից ավելի կոմիտասյան ստեղծագործություններ

18:15   20 օգոստոսի, 2019

ՄՐՐՈ հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ արդեն 6-րդ անգամ օգոստոսի 23-ին՝ ժամը 19։00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) կկայանա «ԳՈՒԹԱՆ» ավանդական երգի-պարի փառատոնը։

Փառատոնին մասնակցում են ազգային երգ ու պար ներկայացնող լավագույն խմբերը՝ Ակունք, Սասնա ծռեր, Վան, Մասունք, Տարոնցիներ, Մարաթուկ, Նուբար, Գորանի, Տնջրե (Արցախ), Վերադարձ, Վարք Հայոց, Տավրոս, Զարթոնք, Արդվին, Ոստան, Արեգ, Մարաթուկցիներ, Սեբաստացիներ, Բազմաբերդի Գորանի։

«Գութան» փառատոնը յուրահատուկ հարթակ է, որտեղ ավանդական երգերն ու պարերը ներկայացվում են իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որեւէ ժամանակակից մշակումների: Կկատարվեն ողջ Հայաստանը ներկայացնող ավանդական երգեր եւ պարեր, յուրաքանչյուր խումբ կներկայանա կոմիտասյան ստեղծագործությամբ, կցուցադրվեն նաեւ Վարդապետի մասին պատմող 5 կարճամետրաժ ֆիլմեր։

Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը փառատոնն իրականացնում է 2014թ.-ից։ ««Գութան»-ի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին», - ասում է Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ փառատոնն ունի իր հստակ սկզբունքները՝ ներկայացնել միայն ավանդական մաքրամաքուր երգեր ու պարեր, միայն կենդանի կատարումներով, կենդանի նվագակցությամբ՝ օգտագործելով մեր ազգային նվագարանները դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ:

«Գութան» ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնում հնարավոր է տեսնել ողջ Հայաստանի տարբեր շրջաններն ու գավառները (Կիլիկիան Հայաստանից մինչեւ Արցախ) ներկայացնող ավանդական երգերն ու պարերը իրենց բոլոր ճյուղերով: Ամեն տարի արխիվացվում են նվազագույնը 50-60 ավանդական երգեր եւ պարեր, որոնք տեսաձայնագրվում են ամենաբարձր որակով:

«Փառատոնի միջոցով, որը տեղի է ունենում բացօթյա` Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), նպատակ ենք հետապնդում այն էլ ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներում: Ինչպես հայ հանդիսատեսը, այնպես էլ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ունկընդրել եւ ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային ավանդական երգերն ու պարերը, որն էլ իր հերթին մի հիմնաքար է հանդիսանում ազգային մշակույթի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման գործում»- եզրափակում է Արսեն Գրիգորյանն ու բոլորին հրավիրում միասին այս օրը դարձնել ավանդական տոնախմբություն:



© NEWS.am STYLE