«Մինչեւ իմ կատարումը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ երգել բեմում». Սյուզաննա Մելքոնյանի առաջին ելույթը՝ ռումինական Golden Stag մրցույթում (տեսանյութ)

14:45   23 օգոստոսի, 2019

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն այս օրերին Ռումինիայում է, որտեղ օգոստոսի 18-ից մեկնարկել է Golden Stag մրցույթ-փառատոնը, որը տեւելու է մինչեւ օգոստոսի 25-ը: Սյուզաննան մրցույթում ներկայացնում է Հայաստանը: Երեկ կայացել է մրցույթի առաջին փուլը, որը ուղիղ եթերով հեռարձակվել է Ռումինիայի հանրային հեռուստատեսությամբ: Սյուզաննան ներկայացրել է ռումինական կատարում՝ արժանանալով դրական արձագանքների: Իր ելույթի եւ տպավորությունների մասին մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

«Չնայած հոգնածությանս՝ տրամադրությունս լավ է: Գլխավոր կազմակերպիչներից որոշ մարդիկ ինձ անձամբ են մոտեցել ու գովեստի խոսքեր ասել, ինչը միայն ուժ է տալիս: Այս մրցույթն ասես մինի «Եվրատեսիլ» լինի, ուղղակի մի փոքր ավելի քիչ մասշտաբով՝ տեսաբացիկը, ժյուրին… ֆորմատային շատ նմանություններ կան»,-ասում է երգչուհին, որն արդեն փորձ ունի տարբեր մրցույթների ներկայանալու, որոնց թվում է ամենահեղինակավորներից մեկը՝ «Նոր ալիքը», որտեղ Սյուզաննան զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը:

«Այս մրցույթը «Նոր ալիք»-ից կտրուկ տարբերվում է, շատ ավելի մեծ է բեմը, հովանավորներն ավելի շատ են: Ուղղակի ցավում եմ, որ Հայաստանում այն ճանաչված չէ: Ժյուրին գնահատում է մեր ելույթները, բայց դա նման չէ «Նոր ալիք»-ի ֆորմատին՝ չեն բարձրացնում իրենց գնահատականները, հետո են ունենում ժողով եւ քննարկում իրենց Հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ միասին»,-պարզաբանում է երգչուհին:

Golden Stag-ն ունի ավելի, քան 50 տարվա պատմություն, որի ընթացոում մրցույթին տարբեր տարիներին մասնակցել ու հաղթել են այսօր համաշխարհային ճանաչում ունեցող անուններ, որոնցից են Խուլիո Իգլեսիասն ու Քրիստինա Ագիլերան: Մրցութային ֆորմատը հետեւյալն է՝ մասնակիցները ելույթ են ունենում երկու փուլերի ընթացքում՝ ներկայացնելով ռումինական երգեր, միջազգային հիթեր կամ հեղինակային ստեղծագործություններ: Սյուզաննան խոստովանում է՝ ռումինական երգ կատարելը մեծ պատասխանատվություն էր.

«Ես շատ հուզված եմ եղել իրականում, մինչեւ իմ ելույթը տեսնելը, չէի հիշում՝ ինչպես եմ կատարել այն բեմում: Միայն հիշում էի, որ շատ բուռն ծափահարությունների եմ արժանացել, կուլիսներում էլ շատերը մոտեցան՝ դրական արձագանքներով: Պետք է ասեմ, որ մենթալիտետի շատ մեծ տարբերություն կա: Մենք շատ էմոցիոնալ ենք, հայկական «ջիգյարը» մեր մեջ կա: Անգամ, երբ մինիմալ մեկ նախադասություն են ասում՝ You're amazing, արդեն պետք է գոհ լինես: Տպավորություններս իրականում շատ լավ են, որովհետեւ հերթական անգամ մեծ բեմում էի: Երբ YouTube-ով արդեն իմ ելույթը տեսա, բնականաբար, հասկացա, որ շատ ավելի լավ կարող էի, միշտ էլ այդպես է լինում, բայց հաշվի առնելով շատ գործոններ՝ ուղիղ եթեր եւ այլն, դրա հետ մեկտեղ կարծում եմ՝ լավ եմ երգել»:

Այժմ երգչուհին արդեն պատրաստվում է երկրորդ փուլին, որը կկայանա այսօր. Սյուզաննան կկատարի Լարա Ֆաբիանի Je Suis Malade երգը:

«Պետք է ուժերս հավաքեմ ու էլ ավելի լավ երգեմ ու ներկայանամ: Իրականում կան շատ լավ արտիստներ, ուժեղագույն: Այնպես չէ, որ ես չունեմ մրցակիցներ: Աստված առաջ՝ ես իմ հնարավորությունների սահմանում անում եմ ամեն բան, որպեսզի արժանանամ մրցանակի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզաննա Մելքոնյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE