Մենք միշտ խոսում ենք միասնականության մասին, իսկ «Գութանի» ժամանակ ցույց ենք տալիս այդ միասնականությունը». Արսեն Գրիգորյան

23:31   23 օգոստոսի, 2019

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի  նախաձեռնությամբ արդեն 6-րդ անգամ  այսօր՝ օգոստոսի 23-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ) կայացավ «Գութան»  ավանդական երգի-պարի փառատոնը։ Այն այս տարի նվիրված էր Կոմիտասի 150-ամյակին:

Փառատոնին մասնակցում էին ազգային երգ ու պար ներկայացնող 19 խումբ՝ «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք», «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Տնջրե» (Արցախ), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի»։

Փառատոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն այն իրականացնում է 2014 թվականից. նա հիշում է՝ երբ առաջին տարին անցկացրին փառատոնը, դրան մասնակցում էր ընդամենը 7 խումբ: Այսօր այդ թիվը հասել է 19-ի, ինչը երգիչը եւս ձեռքբերում է համարում:

«Այս տարի նշվում է Կոմիտասի 150-ամյակը, եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս զբաղվում ենք այն գործով, որը մեր Կոմիտաս Վարդապետը իբրեւ լույս մեզ ցույց տվեց, դա է՝ պահել, պահպանել մեր ազգային ավանդական մշակույթը, երգն ու պարը, տարազը, որովհետեւ սա կարեւոր ճանապարհ է ազգային ինքնությունը պահելու համար»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա:

«Այս տարի 19 խումբ է մասակցում փառատոնին: Ի պատիվ մեզ՝ մեր խմբերի քանակը տարեցտարի ավելանում է, եւ այս անգամ էլ նորեկներ ունենք, այնպես որ՝ ամեն տարի համալրում ենք ունենում, ինչի մեջ կա դրական երեւույթ, որովհետեւ կա նաեւ որակ: Մենք փորձում ենք համախմբել բոլորին»:

Արսեն Գրիգորյանը համոզված է՝ մեր երգը շատ բարձր արժեք ունի. «Ուղղակի պետք է ցույց տանք այս երգերը մեր հասարակությանը, մատուցենք մեր ունկնդրին եւ պատգամենք, որ նրանք են տերն այս երգերի: Գնալով ավելի մեծ լսարան ենք ունենում եւ նպատակ ունենք ավելի համատարած դարձնել, պահպանել  ազգային երգն ու պարն ու փոխանցել գալիք սերունդներին, բոլոր խմբերին համախմբել եւ սիրով կատարել նույն գործը: Մենք միշտ խոսում ենք միասնականության մասին, իսկ «Գութանի» ժամանակ ցույց ենք տալիս այդ միասնականությունը»:

Արսեն  Գրիգորյանի նպատակն է ընդլայնել «Գութանի» աշխարհագրությունն ու փառատոնն իրականացնել նաեւ ՀՀ տարբեր մարզերում: Մինչ այդ նպատակն իրագործելը՝ առաջարկում ենք հետեւել «Գութանի» երեւանյան ընթացքին NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE