Առաջին անգամ հայ արտիստը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, բացառիկ պատվոգրի է արժանանում Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից

10:39   24 օգոստոսի, 2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը պատվոգիր է շնորհել սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Սա առաջին դեպքն է, երբ հայ արտիստը հյուրընկալվում և նման բարձր պարգևի է արժանանում Լոս Անջելեսի քաղաքապետարանում:

Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:

Պատվոգիրը հանձնվել է Լոս Անջելեսի Քաղաքային նիստի ընթացքում, այն վարել է խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզը: Վերջինս նիստի մեկնարկին ներկաներին ներկայացրել է Լիլիթ Հովհաննիսյանի անցած ուղին, կենսագրությունը, ինչպես նաև արտիստի հաջողությունները: Նիստին ներկա էին Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի բոլոր անդամները: Ի դեպ, նրանք բոլորը ստորագրել են պատվոգրի վրա:

Արարողությունը ցուցադրվել է ամերիկյան հեռուստաընկերություններով և համացանցով: 

Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին՝ նման բարձր պարգևի համար՝ նշելով, որ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի հայ համայնքի կյանքում:

«Շատ շնորհակալ եմ նման բարձր պարգևի ինձ արժանացնելու համար: Ինձ համար մեծ խորհուրդ և նշանակություն ունի Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից նման գնահատանքի արժանանալը: Հայոց ցեղասպանության հետևանքով 1,5 միլիոն հայեր են զոհվել, հազարավոր հայեր էլ երկրորդ հայրենիք են փնտրել աշխարհի տարբեր երկներում: Լոս Անջելեսն այն քաղաքներից էր, որ հյուրընկալել էր հայերին ցեղասպանությունից հետո: Ես շնորհակալ եմ այս քաղաքին ոչ միայն այս պատվոգրի, այլ նաև իմ հայրենակիցների նկատմամբ տարբեր ժամանակներում ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար»,- արարողության ժամանակ նշել է Լիլիթ Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներ են արդեն կայացել Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլ եվրոպական երկրներում: Առաջիկայում համերգներ են նախատեսված ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լիբանանում և այլ երկրներում:

Լիլիթի համերգային շրջագայությունն անցնում է մեծ հաջողությամբ, և որոշ քաղաքներում, մեծ պահանջարկի արդյունքում, մեկ համերգի փոխարեն արտիստը ստիպված է երկրորդ և երրորդ համերգներով հանդես գալ: Նման դեպքեր տեղի են ունեցել, օրինակ, Լիոնում, Լոս Անջելեսում, Հոլանդիայում:



© NEWS.am STYLE