Սյուզաննա Մելքոնյանը ռումինական Golden Stag մրցույթից վերադարձել է հատուկ մրցանակով. երգչուհին կիսվել է զգացողություններով (ֆոտո/վիդեո)

14:05   26 օգոստոսի, 2019

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որը ռումինական Golden Stag մրցույթ-փառատոնում ներկայացնում էր Հայաստանը, հայրենիք է վերադարձել հատուկ մրցանակով: Սյուզաննան մրցույթի պատվիրակության կողմից արժանացել է «Լավագույն կատարող»-ի տիտղոսին:

Մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 18-ին եւ տեւել մինչեւ օգոստոսի 25-ը: Երգչուհին մրցութային օրերի ընթացքում ներկայացրել է ռումինական Pe Aripi de Vant եւ Լարա Ֆաբիանի Je Suis Malade երգերը: Մրցույթի մրցանակային տեղերը զբաղեցրել են  Իտալիայի, Ավստրալիայի եւ Լատվիայի ներկայացուցիչները:

Սյուզաննան Հայաստան է վերադարձել լուսադեմին. NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է իր զգացողություններով.

«Ես մեծ տպավորություններով եմ  վերադարձել, որովհետեւ եւս մեկ շատ մեծ լսարան ավելացավ  իմ երեւանյան ու սլավոնական լսարանին: Շատ նամակներ եմ ստացել սոց-ցանցերով, էլ չեմ խոսում, թե YouTube-ում ինչ հաճելի մեկնաբանություններ են ինձ գրում: Հաճելի է, երբ  քո շրջապատն ու հայրենակիցներն են քեզ գնահատում, բայց երբ դու կարողանում ես գերել նաեւ եվրոպացիների սրտերը, հատկապես նրանցը, որոնք այնքան էլ էմոցիոնալ չեն, դա արդեն մեծ բան է»,-ասում է երգչուհին՝ խոստովանելով, որ մրցույթին մասնակցելը հեշտ չի եղել.

«Անչափ ուրախ եմ, որ ես այնտեղ ոչ ոք չունենալով՝ կարողացել եմ ստանալ պատվիրակության կողմից հատուկ մրցանակ՝ որպես լավագույն կատարող: Սկսած նվագախմբից, դիրիժորից, այստեղի կազմակերպիչներից եւ հանդիսատեսից, բոլորն իմ կատարումից գոհ են եղել: Մինչեւ վերջին վայրկյանը այստեղ բոլորը համոզված էին, որ ես եմ լինելու Գրան պրիի մրցանակակիրը: Սակայն, եթե «Նոր ալիք»-ում հենց տեղում բոլորն էին տեսնում գնահատականները, այնտեղ ամեն ինչ շատ փակ էր: Կար հատուկ համակարգ ու ոչ ոք չգիտեր՝ որ բալն է ամենաբարձրը, ով ումից որքանով է ավել ստացել եւ այլն: Ամեն դեպքում՝ ես շատ շնորհակալ եմ իմ հանդիսատեսից, իմ հայրենակիցներից, որովհետեւ նմամ ջերմ արձագանք ու հաղորդագրություններ  ստանալով՝ նույնիսկ կուլիսներում հուզվել եմ: Շնորհակալ եմ, որ գնահատել են ինձ հատուկ մրցանակով, ուղղակի չեմ հասցնում պատասխանել բոլորին: Ամեն ինչ շատ հուզիչ էր»:

Սյուզաննան խոստովանում է՝ այս պահին բավական հոգնած է, քանի որ նախորդ երկու ամիսների ընթացքում ընկղմված է եղել մրցույթի նախապատրաստական աշխատանքների մեջ.

«Այնտեղ մասնակցությունը շատ բարդ էր, իսկ նախապաստրաստական աշխատանքներին զուգահեռ՝ Երեւանում նաեւ աշխատում էի ամեն օր: Շատ անելիքներ ունեմ՝ կորպորատիվներ, նկարահանումներ, բայց գլոբալ նորությունների մասին չեմ ցանկանում խոսել, որովհետեւ  հաջորդը պետք է այնպիսի մի բան լինի, որը դեռեւս չի գրանցվել ինձ մոտ: Սովորական աշխատանքային վիճակներ, նկարահանումներ շատ կլինեն, բայց նորությունների մասին այլ չակերտներ չեմ ցանկանում բացել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սյուզաննա Մելքոնյանը



© NEWS.am STYLE