«Ես զզվելի բաներ եմ անում՝ շատ եմ խմում, գնում եմ ակումբներ». «Տանը միայնակ»-ի աստղ Մաքոլեյ Կալկինը դարձավ 39 տարեկան

19:05   26 օգոստոսի, 2019

«Տանը միայնակ» ֆիլմից հայտնի դերասան Մաքոլեյ Կալկինն այսօր՝ օգոտոսի 26-ին, նշում է ծննդյան 39-ամյակը: Երեւի չկա մեկը, որը դիտած չլինի 90-ականների ամենասիրելի ամանորյա ֆիլմն այն արկածախնդիր փոքրիկ տղայի մասին, որը ծնողների անուշադրության պատճառով հսկայական առանձնատանը միայնակ է մնում՝ ստիպված լինելով պայքարել երկու գողերի դեմ: Ու երեւի չկար մեկը, որը չսիրեր փոքրիկ Քեւին ՄքՔալիսթերին՝ 10-ամյա այն հերոսին, որին մարմնավորում էր դերասանը:

Մաքոլեյը Հոլիվուդի պատմության ամենահաջողակ փոքրիկ դերասաններից է եղել: Վաղ հասակից նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած ֆիլմերում, ինչպիսիք են վերը նշված «Տանը միայնակ» ֆիլմերի շարքը, «Իմ դուստրը», «Լավ տղան», «Հարուստ Ռիչին» եւ այլն:

Այսօր Մաքոլեյը դերասանական կարիերայով չի զբաղվում, բայց նրա անունը հաճախ հայտնվում է մամուլում՝ կապվելով թմրանյութերի եւ սկանդալների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կալկինի սեփական մեկնաբանությունները՝ դերասանության, կարիերան թողնելու եւ իր մասին սկանդալների շուրջ:

«Ես մտքերի ու հիշողությունների, հավանությունների ու անհամակրանքների ամբողջություն եմ: Ես այն ամենն եմ, ինչն ինձ հետ պատահել է, այն ամենի գինը, ինչը երբեւէ արել եմ: Ես այն հագուստն եմ, որը կրում եմ, այն վայրն եմ, այն մարդիկ ու առարկաները, որոնցով երբեւէ շրջապատված եմ եղել: Ես ոսկորների մի կույտ եմ, որը գտնվում է շատ մեծ մի ժայռում, որը մեկ ժամում կատարում է հազար մղոնի պտույտ»:

«Ես հասարակ կյանք եմ վարում՝ կերակրում եմ ձկներիս, շանս տանում եմ զբոսանքի, պատրաստում եմ, ժամանակ առ ժամանակ էլ հանդիպումներ եմ ունենում»:

«Ինձ դուր է գալիս իմ կյանքը: Ես բավարարված եմ իմ կարիերայի ճանապարհով, ապրելակերպով ու ամեն ինչով: Ոչինչ չէի փոխի իմ կյանքում»:

«Ես զզվելի բաներ եմ անում՝ շատ եմ խմում, գնում եմ ակումբներ: Դա ինձ չի անհանգստացնում մինչեւ այն պահը, երբ շատ ծնողներ իրենց զավակներին արգելում են ինձ հետ ժամանակ անցկացնել»:

«Ես կարող էի գնալ շատ հայտնի երեխաների ճանապարհով: Բայց ես դա չէ, որ ցանկանում էի, այպիսով՝ երբ 14 տարեկանս լրացավ, որոշեցի ավարտել կարիերաս: Երբեք էլ ցանկություն չեմ ունեցել նկարահանվելու»:

«Ես կարող եմ ցանկացած ռեստորան մտնել՝ առանց նախապես սեղան պատվիրելու, բայց երբ այդպես եմ անում, բոլորն ինձ վրա են ապշահար նայում»:

«Ես ունեի այնպիսի հայտնիություն, որի մասին շատերը երազում են, բայց որոշեցի փախչել դրանից»:

«Մարդիկ մինչեւ հիմա ինձ ճանաչում են փողոցում: Առաջին բանը, որ ասում են ինձ կանգնեցնելիս՝ «Որտե՞ղ էիր այսքան ժամանակ», իսկ հետո ավելացնում՝ «Օհ, ինչքան ես մեծացել…»»:

«Մարդիկ վատ բաներ անում են կյանքում, բայց ցանկացած բան կարելի է ներել»:

«Ես միշտ ասել եմ՝ դերասանությունն է ինձ գտել: Ես, նույնիսկ, այն չեմ փնտրել»:



© NEWS.am STYLE