Հաղթահարված ֆոբիան, թանկարժեք ու քննարկված նվերը, սեւահերի անսովոր կերպարն ու նոր սիթքոմը. Շուշան Երիցյանը մանրամասնում է (ֆոտո)

12:08   27 օգոստոսի, 2019

Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանն այս օրերին կրկին մեդիայի ուշադրության կենտրոնում է: Բանն այն է, որ հայտնի մոդելը օրերս սոցիալական ցանցի իր էջերում կիսվել էր իր յուրահատուկ նվերով, որը Mercedes մակնիշի ավտոմեքենայի տեսքով է:

NEWS.am STYLE-ը Շուշանի հետ զրուցել է իր թանկարժեք նվերի, ամառային հանգստի, սեւահերի կերպարի եւ նոր սիթքոմում նկարահանվելու մասին:

Նախ փորձեցինք պարզել՝ ինչպես եւ ում հետ է անցկացրել ամառային հանգիստը.

«Ամռանը սիրում եմ հանգստանալ եվրոպական երկրներում: Այս ընթացքում հասցրեցի լինել Ամստերդամում, Իսպանիայում, Հունաստանում, բայց ամառը դեռ չի վերջացել ինձ համար» (ժպտում է):

«Իմ ոչ մի հանգիստ մյուսին նման չի լինում, միշտ անակնկալներով լի է լինում՝ մտերիմ մարդկանց շրջապատում»:

Հարցին ինչո՞վ է այս տարվա հանգիստն առանձնահատուկ եղել, Շուշանը պատասխանեց.

«Հաղթահարել եմ ջրից ունեցած իմ ֆոբիան ու արդեն հանգիստ կարողանում եմ լողալ: Այնպիսի օր չկար, որ հիշարժան չլիներ, պարզապես չեմ կարող այդպես բառերով նկարագրել»:

Շիկահերի կերպարով հայտնի մոդելը վերջերս ներկայանում է սեւ վարսերով: Շուշանի հետ զրուցեցինք նաեւ այդ ոճափոխության մասին.

«Ես աշխատում եմ միշտ կատարելագործվել՝ թե ներքուստ, թե արտաքուստ: Սեւահեր դառնալն ավելի շատ իմ ներքին փոփոխությունների արդյունքն է: Իմ ներկա հոգեվիճակին ու տեսակին համապատասխան գույն է, շատ ներդաշնակ եմ ինձ զգում ու չեմ կարծում՝ առաջիկայում կփոխեմ այս կերպարս»:

Օրեր առաջ Շուշանը Facebook-ում հրապարակել էր իր նոր` Mercedes մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով նման նվերի համար: Թե ումից է նվերն ու արդյոք իր սիրտն արդեն զբաղվա՞ծ է, մոդելը չցանկացավ բացահայտել, միայն նշեց.

«Ես, ուղղակի, միշտ շնորհակալ եմ: Դա իմ կյանքի հաջողության գրավականներից մեկն է»:

Վարորդական փորձ Շուշանն ունի, նախկինում էլ վարել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա:

«Կարծում եմ՝ լավ վարորդ եմ» (ժպտում է):

Ինչ վերաբերում է առաջիկա նորություններին՝ շուտով մոդելին կտեսնենք նոր ոճում եւ անսովոր ժանրում.

«Առաջին անգամ հանդես կգամ սիթքոմում՝ կլինեմ գլամուրային կնոջ կերպարում: Հանդիսատեսը ինձ կտեսնի հումորային ժանրում եւ նոր իմիջով: Այս դերը խաղարկային ավելի մեծ աշխատանք էր պահանջում: Ես շատ սիրեցի նոր կերպարս, կարծում եմ՝ այն հանդիսատեսին էլ դուր կգա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Շուշան Երիցյանը



© NEWS.am STYLE