Տյոմը «Նոր ալիք»-ի առաջին մրցութային օրը վաստակեց 78 միավոր. առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչն է

03:13   27 օգոստոսի, 2019

«Նոր ալիք 2019»-ի շրջանակում րոպեներ առաջ ավարտվեց մրցութային առաջին օրը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Տյոմը կատարեց Ալլա Պուգաչովայի Так же, как все” հայտնի երգն՝ արժանանալով 78 միավորի: Երգիչն առաջին մրցութային օրվա արդյունքում զբաղեցրեց  9-րդ տեղը:

Տյոմը ստացավ ութական 8 եւ երկուական 7 միավոր: Մրցույթի բացարձակ առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչն է՝ Ինես Նազիրին, որը ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացավ ամենաբարձր՝ 10 գնահատականի՝ վաստակելով 100 միավոր: Նրան հաջորդում են Ռուսաստանի եւ Կուբայի ներկայացուցիչները, որոնք վաստակեցին, համապատասխանաբար, 91 եւ 88 միավորներ:

Այս տարի ժյուրիի գնահատման ձեւաչափը փոքր-ինչ այլ էր: Մասնակիցներն իրենց գնահատականներն իմացան ոչ թե կատարումից անմիջապես հետո, այլ մրցութային համերգի ավարտին, ընդ որում՝ յուրաքանչյուր ժյուրիի անդամ սահմանափակ քանակությամբ 10-եր եւ 9-եր կարող է նշանակել:

Մրցութային երկրորդ օրը կկայանա այսօր՝ օգոստոսի 27-ին, որի շրջանակում Տյոմը կկատարի Գոռ Սուջյանի եւ Աննա Հարությունյանի հեղինակած  Let Me Feel You երգը:

Այս տարի մրցույթին մասնակցում է 13 ներկայացուցիչ՝ Իսպանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Իտալիայից, Ալբանիայից, Կուբայից, Մոլդովայից եւ, իհարկե, Հայաստանից:

Մրցույթը հեռարձակվում է Россия 1 հեռուստաաալիքի ուղիղ եթերով:



© NEWS.am STYLE