Ճապոնացի հայտնի լուսանկարիչները Երեւանում հանդես եկան վարպետության դասով. միջոցառման հովանավորը all.me թվային հարթակն է (ֆոտո)

17:18   27 օգոստոսի, 2019

Հայկական առաջին միջազգային լուսանկարչության՝ Armenian International Photo Fest-ի շրջանակում Elite Plaza բիզնես կենտրոնում կայացավ ճապոնացի հայտնի լուսանկարիչներ Նագասե Շոտայի եւ Նաոյուկի Օգինոյի վարպետության դասը, որի շրջանակում նրանք կիսվեցին լուսանկարչության իրենց տեխնիկայով, ոճով եւ պրոֆեսիոնալիզմով:

Նախ՝ երկու լուսանկարիչներն էլ իրենց ոգեւորությունը հայտնեցին Հայաստանում լինելու առթիվ՝ կարեւորելով պատմական անցյալ ունեցող մեր երկրում նման փառատոնի իրականացումը:

«Ինձ համար պատիվ է այս փառատոնին մասնակցելը: Ես շատ ուրախ եմ տեղեկացնել, որ իմ մի քանի գործ, որոնք իրենց մեջ կրում են ճապոնական թղթի ուժը, կմնան ավելի, քան 2800 տարվա պատմություն ուեցող ձեր գեղեցիկ մայրաքաղաքում»,- իր ելույթում նշեց Նագասե Շոտան, որն արդեն տասը տարի է, ինչ զբաղվում է ճապոնական բնանկարչությամբ: Նրա աշխատանքներն առանձնահատուկ են նրանով, որ լուսանկարիչը նախընտրում է դրանք տպել ճապոնական տակեվաշի թղթի վրա, որն էլ ավելի նուրբ եւ բնական տեսք է հաղորդում նմանատիպ բնապատկերներին:

Մյուս լուսանկարչի՝ Նաոյուկի Օգինոյի աշխատանքներին մեր քաղաքացիները կարող են ծանոթանալ Հյուսիսային պողոտայում:

Նրա առանցքային թեման Ճապոնիայի Կամո եւ Հայաստանի Հրազդան գետերն են: Օգինոն փորձել է համեմատական տանել այս երկու գետերի միջեւ՝ դրանց մակերեսին ֆոտոմոնտաժի միջոցով արտացոլելով յուրաքանչյուրի մոտակայքում գտնվող ամենագեղցիկ կառույցները:

«Այս փառատոնի ուժը նրանում է, որ այն քեզ քո անհատականությունից դուրս է տանում՝ բոլորի հետ միասին: Հայաստանում իմ ցուցադրությունը բոլորովին այլ բնույթ է կրել: Ես նախ՝ համացանցում ուսումնասիրել եմ Երեւանի տարածքը, այնուհետեւ՝ ընտրել Հյուսիսային պողոտան, ճանաչել տարածքն ու դրան համապատասխան ստեղծագործել»,-նշեց արտիստը՝ հույս հայտնելով, որ իր աշխատանքները դիտողները եւս կկարողանան նկատել գետերի այն հոսանքը, որն ինքը ցանկացել է պատկերել:

Հայկական լուսանկարչական միջազգային փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Այն մեկնարկել է օգոստոսի 24-ին եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 28-ը:

Փառատոնի պատվավոր մասնակիցների թվում կլինեն Լեյֆ Դրեբին (Դանիա), Անտոնիո Մորան (Իսպանիա), Մաուրո Լովեկիոն (Իտալիա), Այման Լոտֆին (Եգիպտոս) եւ այլ լուսանկարիչներ:

Թովմասյան բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի հովանու ներքո:

all.me-ն՝ որպես թվային գործընկեր, կներկայացնի ցանկացած թվային տեղեկատվություն լուսանկարիչների եւ փառատոնին ներկայացված նրանց աշխատանքների մասին:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

Հետեւեք մեզ all.me սոցցանցում:

 Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE