Generatin V. Արցախը, արցախյան բարբառն ու մշակույթը՝ երիտասարդ դիզայներների ստեղծած շապիկներին (ֆոտո)

17:04   28 օգոստոսի, 2019

Fashion Forum 2019 –ը վաղուց է, ինչ ավարտվել է, բայց դրա շրջանակում սկիզբ առած նախագծերը դեռ շարունակում են տալ պտուղներ: Դրանցից մեկը Generation V (Հաղթանակի սերունդ) նախագիծն է, որի շրջանակում երիտասարդ դիզայներներին հնարավորություն է տրվել ստեղծել շապիկների ինքնատիպ հավաքածու, որոնք իրենց մեջ ամբողջացնում են արցախյան բարբառը, մշակույթն ու պատմական վայրերը: Նախագիծը կյանքի է կոչվել Նորաձեւության եւ դիզայնի պալատի եւ La Galleria ընկերության ջանքերով:

Նախագծում ներկայացված են երիտասարդ սկսնակ դիզայներներ Մարիամ Էմեքսիզյանի, Տաթևիկ Հարությունյանի, Սոնա Մելքոնյանի, Աբել Մարտիրոսյանի, Նարինե Մարկոսյանի, Արմինե Հակոբյանի և Տաթևիկ Մկրտչյանի աշխատանքները, իսկ որպես մենթորներ աջակցել են պալատի անդամ դիզայներներ՝ Ռուզաննա Վարդանյանը, Սոնա Հակոբյանը, Ինգա Մանուկյանը, Սոնյա Ավագյանը եւ Նելլի Սերոբյանը:

«Fashion Forum-ի շրջանակում սկսեցինք աշխատել մեր տեղական գործընկերների հետ ու առաջին համագործակցությունը La Galleria-ի մենեջմենթի կողմից եղավ: Սկսեցինք միասին աշխատել այն գաղափարի շուրջ, թե ինչպես ներգրավենք դիզայներներին: Նախածերից մեկը Generation V-ն էր: Նպատակն էր՝ մեր պալատի ավելի կայացած դիզայներների օգնությամբ ստեղծել երիտասարդ դիզայներների հավաքածու՝ միասին աշխատելով շապիկների հավաքածուի վրա: Թեման ընտրվեց Արցախն՝ իր բոլոր մշակութային արժեքներով, խոհանոցով, ճարտարապետությամբ եւ այլն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Նորաձեւության եւ դիզայնի պալատ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը՝ ներկայացնելով նաեւ, թե ինչպես է եղել երիտասարդ դիզայներներին ընտրելու գործըթացը.

«Fashion Forum-ի շրջանակում հայտարարություն դրվեց ընտրել երիտասարդ դիզայներների, որոնց թվում կարող էին լինել նաեւ ուսանողներ, որոնք հմտություններ ունեն նաեւ գրաֆիկ դիզայնի ոլորտում, քանի որ էսքիզները պետք էր նկարել: Դրանից հետո ընտրվեց 5 հոգուց բաղկացած երիտասարդ դիզայներների խումբ, նրանց մեջ կային նաեւ ուսանողներ: Այդ խմբի հետ միասին կազմակերպեցինք եռօրյա այց Արցախ, նրանց միացավ նաեւ մենթոր դիզայներների խումբը: Նրանք միասին անցան այդ ճանապարհը՝ փորձելով տարբեր փուլերում օգնել երիտասարդներին: Մի քանի այցից հետո արդեն այստեղ ունեցանք հանդիպումներ՝ դա էսքիզների ընտրության փուլն էր: Նախնական ընտրեցինք մոտ 6 էսքիզ, դրանց վրա աշխատելով՝ ստեղծեցինք առաջին հավաքածուն, որի շնորհանդեսը եղել է Fashion Forum-ի շրջանակում: Հավաքածուներն ամբողջացվեցին եւ այժմ վաճառվում են հայկական ապրանքանիշներ ներկայացնող ավելի, քան 7 խանութներում, դրանք վաճառվում են նաեւ Արցախում»:

Էլենի խոսքով՝ շապիկները հետաքրքրության եւ վաճառքի առումով մեծ հաջողություն են գրանցել:

«Հետաքրքիր է նրանով, որ այս հավաքածուում օգտագործված է նաեւ արցախյան բարբառը, ինչը եւ հետաքրքիր է, եւ նորաձեւ: Գաղափարը շատ է սիրվել, շատ լավ վաճառք է գրանցվել, ինչի համար ուրախ եւ ոգեւորված են նաեւ սկսնակ դիզայներները: Վաճառքից գոյացած գումարի մի մասը կհատկացվի դիզայներներին, իսկ մյուս մասը կօգտագործվի Նորաձեւության եւ դիզայնի պալատի հաջորդ ծրագրերն իրականացնելու համար: Ծրագիրն ամբողջությամբ սոցիալական է: Դրա նպատակն է հետագայում նոր կրթական ծրագրեր իրագործելը: Պարբերաբար հավաքագրում ենք նոր անուններ: Երիտասարդ դիզայներներն ուղարկում են իրենց հակիրճ կենսգրականն ու էսքիզները, փորձում ենք ընտրել նրանցից մի քանիսին ու սկսում աշխատել նրանց հետ»:

Էլենը նաեւ հավելեց, որ արդեն ծրագրում կա անդրադարձ մյուս պատմամշակութային վայրերին ու արժեքներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE