Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

18:35   28 օգոստոսի, 2019

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին: Համերգը կկայանա Փարիզի նեոդասական ճարտարապետության ոճի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում՝ ÉGLISE DE LA MADELEINE:

Երեկոյին կհնչեն Կոմիտասի եւ նրա ժամանակակիցների՝ Ռավելի եւ Դեբյուսիի ստեղծագործությունները: Ծանոթացնելով Կոմիտասյան երգարվեստին՝ ի ցույց կտրվի XX-րդ դարի եվրոպական երաժշտական նոր մտածելակերպի ազդեցությունը, ստեղծագործական մտքի պատկերավոր ներշնչանքը։

Ծրագիրն ավելի հետաքրքրական եւ յուրահատուկ դարձնելու համար առաջին անգամ թե Կոմիտասի, թե Ռավելի, եւ թե Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ, հատուկ այս համերգի համար, գործիքավորելու աշխատանքը հանձն է առել Պետրոս Շուժունյանը: Համերգին հանդես կգա նաեւ սիրված սոպրանո Աննա Կասյանը:

Ադամ Բարրոյի համար շատ կարեւոր էր Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ այս համերգով հետաքրքրել ոչ միայն ֆրանսաբնակ հայ ունկնդրին, այլեւ նոր մեկնաբանությամբ հրամցնել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները ֆրանսիացիներին՝ միեւնույն ժամանակ արժեւորելով նաեւ հայ երգը:



© NEWS.am STYLE