Տյոմն 9-րդն է, Ալբանիայի ներկայացուցիչը՝ առաջին հորիզոնականում. «Նոր ալիք 2019»-ի շրջանակում ավարտվեց վերջին մրցութային օրը

03:18   29 օգոստոսի, 2019

Սոչիում ավարտվեց «Նոր ալիք 2019»-ի երրորդ մրցութային օրը: Երեք համերգների ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Տյոմը վաստակել է 230 միավոր՝ զբաղեցնելով մրցույթի 9-րդ հորիզոնականը: Մրցույթի առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչն է՝ Ինիս Նեզիրին:

Այսօր երգիչները ներկայացնում էին պրեմիերաներ: Տյոմը կատարեց Նիկ Էգիբյանի եւ Աննա Հարությունյանի հեղինակած Give Me Your Love երգը՝ ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանանալով 8-ական միավորի:

Օգոստոսի 29-ին կայանալիք եզրափակիչ համերգի ընթացքում կամփոփովեն մրցութային բոլոր օրերի արդյունքներն ու կհայտարարվեն հաղթողները:

Ի դեպ, բացի մրցանակային հորիզոնականներից՝ մասնակիցները հնարավորություն ունեն պարգեւատրվելու հատուկ մրցանակներով, օրինակ՝ շահել «Հանդիսատեսի համակրանքը», կամ էլ ճանաչվել «Ամենաոճային մասնակիցը»: Վերջին քվեարկությունում Հայաստանի ներկայացուցիչը հաղթելու մեծ հնարավորություն ունի, քանի որ առայժմ զբաղեցնում է մրցույթի երկրորդ հորիզոնականը՝ քիչ քանակությամբ քվեներով զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Տարասին:

Մեր մասնակցի օգտին կարող եք քվեարկել հետեւյալ հղումով՝ newwave-2019.wmj.ru:



© NEWS.am STYLE