«Չեմ կարծում՝ երբեւէ կանեմ վիրահատական շտկում. ես սովորել եմ ինձ ու սիրում եմ հենց այսպիսին». Անյա Սահակյանի սեքսուալ կերպարը, բողոքն ու պայքարը

16:05   29 օգոստոսի, 2019

Սերիալներից, սիթքոմներից եւ հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Անյա Սահակյանը սեպտեմբերից կրկին ներառված կլինի հեռուստատեսային մի քանի նախագծում: Անյան առայժմ չմանրամասնեց, թե ինչ բնույթի կլինեն դրանք, բայց նշեց, որ այս ընթացքում առավել զբաղված է եղել կարճ գովազդային հոլովակների նկարահանումներով՝ փորձելով ավելի շատ ժամանալ տրամադրել ընտանիքին եւ բարեգործական նախագծերին: Այս ամենին զուգահեռ՝ դերադսանուհին հասցրել է նաեւ ֆոտոշարք իրականացնել լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանի հետ: Լուսանկարներում Անյային կտեսնեք սպորտային եւ casual ոճից դուրս՝ էլեգանտ եւ դասական կերպարներում:

NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ զրուցել է ոճի, յուրահատուկ արտաքինի եւ հանուն կենդանիների պաշտպանության գրառումների եւ քայլերի մասին:

«Իրականում իմ ոճը շատ տարբեր է. հիմնականում, այո, ավելի swag եւ casual եմ հագնվում, բայց դասականն էլ երբեք չեմ մոռացել»,-ասում է Անյան՝ հավելելով, որ կերպարները մտածել են լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանի հետ միասին:

Լուսանկարներում առավել շեշտված Է Անյայի կանացիությունն ու սեքսուալությունը, սակայն դերասանուհին նշում է.

«Ճիշտն ասած՝ ինձ համար սեքսուալ լինելը երբեք նպատակ չի եղել: Երբ լսում եմ, որ սեքսուալ եմ, տարօրինակ զգացողություն եմ ունենում (ծիծաղում է): Սպորտային հագուստով ինձ ավելի հանգիստ եմ զգում»:

Իր ընդգծված դիմագծերի համար Անյան պարտական է ոչ թե պլաստիկ վիրաբույժներին, այլ բնությանը, սակայն նշում է՝ բացասաբար չի ընդունում այն փաստը, երբ մարդիկ արտաքինը շտկելու համար դիմում են նման միջամտությունների.

 «Շատ հանգիստ եմ դա ընդունում: Երբ մարդ ունի խնդիր, երբ իրեն հաճելի չի զգում, եւ դա, իսկապես, նրան տհաճություն է պատճառում, այո, ինչո՞ւ ոչ: Կարելի է կատարել որոշ շտկումներ: Բարեբախտաբար, չունեմ այնպիսի արտաքին, որպեսզի ինձ համար վիրահատությունը կարեւոր լինի: Չեմ կարծում, թե երբեւէ կանեմ վիրահատական շտկում, քանի որ ես սովորել եմ ինձ ու սիրում եմ հենց այսպիսին: Իմ անհատականությունն ինձ համար կարեւոր է»:

Դերասանուհու սոցիալական ցանցի էջերին հետեւողները նկատած կլինեն, որ Անյան ակտիվորեն պայքարում է կենդանիների պաշտպանության համար եւ միշտ դատապարտում այն մարդկանց, որոնք ինչ-որ կերպ վնասում են նրանց.

«Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքն, ուղղակի, կոտրում է սիրտս: Ցավում եմ, որ մեր հասարակությունն այսօր նոր սերունդի մեջ չի սերմանում սեր եւ հարգանք դեպի կենդանիները: Ես չեմ հարգել ու երբեք չեմ հարգի այն մարդուն, որը չի հարգում բնությունը եւ կենդանիներին: Բավականին ագրեսիվ եմ տրամադրված նման մարդկանց հանդեպ: Եթե մարդը կարող է վնասել կենդանուն, որը թույլ է եւ չի կարողանում պաշտպանվել, չկասկածեք, որ մի օր էլ իրենից թույլ մարդուն կվնասի: Ամեն բան սկսվում է կենդանիներից: Ես պայքարել ու միշտ պայքարելու եմ կենդանիների համար: Իմ ձայնը կտամ նրանց, ովքեր ցավոք՝ ձայն չունեն»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE