«Միշտ սովորություն եմ ունեցել արտասվել միայնությունից». Մայքլ Ջեքսոնն այսօր կդառնար 61 տարեկան

17:03   29 օգոստոսի, 2019

Փոփի արքա, լեգենդ, ամենաոճային, ամենախենթ ու ամենայուրահատուկ՝ նմանատիպ բնորոշումների շարքը կարելի է շարունակել, երբ խոսում ենք երաժշտության աշխարհի բոլոր ժամանակների ամենաքննարկված ու սկանդալային ներկայացուցչի՝ Մայքլ Ջեքսոնի մասին: Երգիչ-լեգենդ, որը փոփ երաժշտությունը ոչ միայն հարստացրեց իր երգերով ու կատարումներով, այլեւ մի շարք նորարարություններ ստեղծեց, որոնք մինչ օրս արդիական են: Հենց նրան են պատկանում պարային ամենահայտնի շարժումներն ու լուսնային քայլվածքը:

Մայքլ Ջեքսոնը ոչ միայն լեգենդար երգիչ էր, այլեւ իրական կուռք իր երկրպագուների համար: Նրա համերգներն անցնում էին մեծ շուքով ու ուղեկցվում ուշաթափություններով: 
Ջեքսոնն այսօր՝ օգոստոսի 29-ին, կդառնար 61 տարեկան: Փոփ երաժշտության արքան կյանքից հեռացել է 50 տարեկան հասակում. Այդ օրը 2009 թվականի հունիսի 25-ն էր: Նրա վերջին հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։

Ամենամոլի երկրպագուները մինչ օրս վստահ են՝ Մայքլ Ջեքսոնը ողջ է, պարզապես նախընտրում է ապրել աշխարհից հեռու մի անկյունում՝ զերծ մեղադրանքներից, հետապնդումներից եւ սկանդալներից…

Ձեզ ենք ներկայացնում երգչի հայտնի մտքերից մի քանիսը.

«Եկեք երազենք այնպիսի վաղվա մասին, երբ կկարողանանք իսկապես սիրել հոգով եւ սերն ընկալել, որպես սրտի բացարձակ ճշմարտություն»:

«Ես բոլորի նման եմ՝ ես էլ եմ արյունահոսում, երբ կտրվածք եմ ունենում ու շատ հեշտությամբ շփոթվում եմ»:

«Երբ լույս աշխարհ ես գալիս՝ գիտակցելով, որ սիրված ես եւ լքում ես աշխարհը նույն զգացողությամբ, դրա արանքում տեղի ունեցող ամեն ինչի հետ էլ կարողանում ես համակերպվել»:

«Ես սեւ ամերիկացի եմ, ես հպարտ եմ իմ ռասայով, հպարտ եմ իմ էությամբ»:

«Երբ տեսնում եմ երեխաներին, նրանց մեջ տեսնում եմ Աստծո արտացոլանքը: Ահա, թե ինչու եմ նրանց այդքան շատ սիրում»:

«Ովքեր ինձ անձամբ ճանաչում են, գիտեն ճշմարտությունը՝ դա այն է, որ ես իմ երախաներին ամեն ինչից շատ եմ սիրում եւ որ երբեք չեմ վնասի ոչ մի երեխայի»:

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է մամուլն այդքան սիրում քննարկել իմ արտաքինը. Մի՞թե այն որեւէ կապ ունի իմ երգի կամ պարի հետ»:

«Ես եւ Ջանեթը երկու տարբեր մարդիկ ենք»:

«Ես վետերան եմ դարձել նախքան թինեյջեր լինելը»:

«Եղել է շրջան, երբ, իսկապես, հրաշալի ժամանակ եմ անցկացրել իմ եղբայրների հետ՝ կռվել ենք բարձերով ու նման բաներ արել, բայց ես միշտ սովորություն եմ ունեցել արտասվել միայնությունից»:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE