«Բարդ կյանք է ունեցել, եւ այժմ լավ, թե վատ ճանապարհներով ցանկանում է փրկել այն». Էվա Խաչատրյանի նոր դերն ու «ջրահարս» լինելու դժվարությունները (ֆոտո)

15:04   30 օգոստոսի, 2019

Դերասանուհի Էվա Խաչատրրյանը միացել է «Պատվից առավել» հեռուստասերիալի թիմին: Նրա մասնակցությամբ սերիաները կտեսնենք արդեն երկրորդ եթերաշրջանում: Էվան նկարահանումներից զատ՝ չի պասիվացրել թատրոնում իր գործունեությունը: Դերասանուհին շարունակում է հանդես գալ նոր ու տարբերվող կերպարներով: Օրինակ՝ Վարդավառին ընդառաջ Երեւանի պետական կամերային թատրոնի թիմով մի հետաքրքիր ֆոտոշարք էին իրականացրել, որում դերասանուհին ջրահարսի կերպարում էր:

NEWS.am STYLE-ն Էվայի հետ զրուցել է էքստրեմալ նկարահանումների եւ սերիալում նոր դերի մասին:

Ջրի տակ իրականացված ֆոտոշարքի միտքը եղել է Լուսինե Երնջակյանինն ու Լարա Խաչատրնանինը, բայց ինչպես նշում է դերասանուհին՝ ցանկցած գաղափարի քննարկման շուրջ հավաքվում են ամբողջ թիմով: Լուսանկարների հեղինակը Հակոբ Կալաշյանն է, որի հետ Կամերայինի դերասանները հաճախ են համագործակցում:

Շատ աղջիկների համար ջրահարսի դերում լինելը կարող էր երազանք լինել, բայց ոչ Էվայի դեպքում.

«Նման երազանք չեմ ունեցել, թերեւս մանկությանս ամենահետաքրքիր ջրահարսը «Դիսնեյ»-ի Արիելն է եղել: Ընտրել էինք տարբեր կերպարներ, ցանկանում էինք գույն եւ ծավալ ստանալ ջրի տակ»,-ասում է դերասանուհին՝ հավելելով.

«Նկարահանումները շատ ուրախ են անցել, ինչպես միշտ է լինում, երբ կամերայինցիք հավաքվում են իրար գլուխ՝ թաց, ուրախ, ամառային, խենթ ու խելառ: Դժվարություններ էլ են եղել: Մեզ վրա ծանրաքարեր կային, որոնք թույլ չէին տալիս ջրի երես բարձրանալ: Դժվար էր նաեւ դեմքը հանգիստ պահելը ջրի տակ, բայց կարծում եմ՝ ամեն ինչ ստացվեց»:

Դերասանուհին խոստովանում է՝ ջրի տակ առաջին անգամ էր նկարահանվում, բայց, բարեբախտաբար, վտանգավոր դեպքեր չեն գրանցվել:

Էվային էկրաններին կարոտած հեռուստադիտողը շուտով կտեսնի «Պատվից առավել» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում:

«Այո, միանում եմ թիմին. փորձելու ենք հետաքրքիր գույն բերել նոր կերպարով: Առայժմ կարող եմ ասել, որ կերպարս բժշկուհի է, որը բավականին բարդ կյանք է ունեցել, եւ այժմ լավ, թե վատ ճանապարհներով ցանկանում է փրկել իր կյանքը՝ ազատվել ճահճից: Ինձ համար յուրաքանչյուր կերպար նորություն է, քանի որ նրան ես եմ ստեղծում եւ փորձում դա անել յուրովի»:

Էվայի խոսքով՝ նոր թիմում աշխատանքը շատ լավ է անցնում.  «Փառք Աստծո՝ երբեք որեւէ թիմում դժվարություն չեմ ունեցել: Ես պարզ մարդ եմ, ու դա հեշտացնում է ամեն բան»:

Նորություններ կլինեն նաեւ թատրոնում.

«Սեպտեմբերից խաղաշրջանը սկսվում է, եւ ես կլինեմ բեմում՝ ինչպես միշտ: Արդեն սարսափելի կարոտել եմ ներկայացումները: Թատրոնի հետ կապված ոչ մի պասիվություն չի լինի: Ասեմ ավելին՝ շուտով նորություն եմ ունենալու այլ թատրոնում՝ նոր կազմ, հետաքրքիր ներկայացում. դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE