«Իսկ դու մի բան կեր». Եթե խոհարարը կարողանում է բենեդիկտ պատրաստել, ապա նրան կարող ես հետդ հետախուզության տանել

12:11   31 օգոստոսի, 2019

«Տրամադրություն չունե՞ս: Իսկ դու մի բան կեր»,- մայրս է այսպես ասում, երբ տեսնում է, որ անտրամադիր եմ: Ընդ որում՝ նա պատմում է, որ սա նախատատիս խոսքն է: Գուցե եւ այդպես է: Ես պրոֆեսիոնալ ֆուդ-բլորգեր չեմ, ոչ էլ փորձագետ, բայց ասում են, որ ուտելիքից, այնուամենայնիվ, հասկանում եմ: Իհարկեոչ բոլորն են այսպեսկարծումՈմանք համացանցում նույնիսկ ինչ-որ բան են գրել իմ խոհարարական դիտարկումների մասին. իբր, «прожарка» բառն իմացող ամեն մեկն ուտելիքի մասին դատելու իրավունք չունի: Աստված նրանց հետ: Թող գրեն: Ես դեմ չեմ...

Այցելեցի Doc Bar Restaurant + Bar: Վաղուց էի ցանկանում. հետաքրքիր էր, քանի որ բացվել էր La Boheme-ի տեղում, որն իր գոյության վերջում պատկառելիորեն նահանջել էր: Վերջին «վառ» տպավորությունը կրեպն էր, որը մոտ մեկ ժամ եփվում էր: Ավելի ճիշտ, ես չդիմացա: Ստիպած էի դժգոհությունս հայտնել եւ հեռանալ: Ինչ-որ բան գրեցի FB-ում, բայց այդ ժամանակ ռեստորանային ղեկավարությանը հասնելը չափազանց դժվար էր: Ես կասեի՝ անհնար էր: Հիմա իրավիճակը, կարծես թե, ավելի բարվոք է: Բայց՝ նայած որտեղ: Իմ հոդվածը Vienna Café and Kitchen-ի անդեմ նախաճաշի մասին ոչինչ չփոխեց նախաճաշերի հանդեպ այդ հաստատության մոտեցման մեջ: Ես այնտեղ այլեւս չեմ հաճախում, մինչդեռ կարող էի նրանց մասին նաեւ որեւէ լավ բան գրել: Հավանաբար: Երբեւէ...

Doc-ում օպերատիվորեն էին սպասարկում: Ժպիտով: Հաստատության դիզայնը հաճելի էր, չնայած ես ամեն դեպքում գույներ կավելացնեի: Մի տեսակ շատ ասկետական էր եւ… ստանդարտ: «Օբյեկտում» պետք է չամիչ լինի, իսկ ես այն չգտա: Փողոցում նստելն ավելի հաճելի էր. ծաղիներ կային, օդ, արեւ...

Doc այցելել եմ  երկու անգամ՝ առաջին անգամ ճաշելու, երկրորդ անգամ՝ նախաճաշելու: Տպավորություններս իսկապես հակասական էին: Իշխանի լանչին՝ գոլորշու վրա եփած բրինձով եւ նույնպես շոգեխաշած բանջարեղենով կասեմ՝ այո՛ եւ էլի այո՛: Նուրբ, հյութեղ միս՝ վրան ցանած կանաչ պիստակով, հաճելի թարխունե սոուս, փխրուն բրինձ, բանջարեղենը «թորշոմած» չէր՝ խրթխրթան էր: Մի խոսքով, խոհարարը ստուգարքը ստացել է:

Ես էլի ինչ-որ բան կպատվիրեի, բայց որոշեցի վերադառնալ առավոտյան՝ նախաճաշի: Առավել եւս, որ վաղ մարզումից հետո սովորաբար պատրաստ եմ ամեն ինչ ուտել, նույնիսկ այն, ինչը չեմ սիրում: Որպեսզի պատկերացնեք, ես այդպիսի պահերին անգամ թժվժիկը կհաղթահարեմ, որի հետ անչափ բարդ հարաբերություններ ունեմ:

Doc-ում պատվիրեցի «Ձու-բենեդիկտ սաղմոնով»: Նախ՝ ես այս ճաշատեսակի մեծ երկրպագու եմ: Երկրորդ՝ դրանով կարելի է որոշել, թե ռեստորանում որքանով է կերակուրի հանդեպ մոտեցումը պրոֆեսիոնալ: Այսինքն՝ եթե խոհարարը կարողանում է բենեդիկտ պատրաստել, ապա կարող ես նրան հետդ հետախուզության տանել:

Եվ այսպես՝ Doc-ում «Ձու-բենեդիկտ սաղմոնով» մի՛ պատվիրեք: Մի՛ վերցրեք, եթե չեք ուզում, որ հետո ամբողջ օրը տհաճության զգացում ունենաք: Դեռեւս մի կողմ թողնենք այն փաստը, որ այն այնքան էլ լավ տեսք չունի: Առաջին մինուսը. բուն օլանդեզ (Hollandaise) սոուսը չպետք է այդպես «ձիգ» եւ հատիկավոր լինի, չպետք է կտրված, աղի կրեմի նման լինի:

Մինուս թիվ երկու եւ ամենագլխավոր խոցելիությունը՝ փափուկ այծի պանիրը սաղմոնի, ձվի, սոուսի եւ քաղցրավուն հացի համակցությամբ զզվելի արդյունք էր ունեցել: Ընդ որում՝ պանիրը շատ էր, որից ոչ մի տեղ ոչ կփախչեիր-ոչ կթաքնվեիր: Այն բերանում պայթեցնում էր տհաճ համային ռումբեր՝ թողնելով ինչ-որ կծվահամի, փչացած մթերքի զգացողություն...

Doc-ի ղեկավարների համար գաղտնիք բացահայտեմ: Ձուկը եւ պանիրը (առավել եւս այնպիսի յուրահատուկ պանիրը, ինչպիսին այծինն է) անհրաժեշտ է զուգակցել չափազանց զգույշ: Իսկ ավելի լավ է ընդհանրապես չզուգակցել, որովհետեւ նման զուգակցումները վտանգավոր են եւ դրանց ի զորու են միայն էքստրա դասի խոհարարները: Որ այդպես է, մեջը ոչխարի պանիր էլ դնեիք...

Արդյունքում՝ ստիպված էի ամբողջ օրը այդ համը ճնշել մաստակներով, կիտրոնով, սուրճ խմելով, «մեզիմներով» եւ «մաալոկսներով»: Երեկոյան թեթեւացա եւ ահա թե ինչ մտածեցի՝ այո՛, երկրում ռեստորանների մակարդակը նկատելիորեն բարձրացել է, շատ բան են սովորել, բայց նրանց խանգարում է հավակնոտությունը: Անպայման պետք է գլխներին զոռ տան: Օրինակ՝ աղցանի վրա լցնեն տրյուֆելի ձեթ, երբ այն միանգամայն անտեղի է: Կամ՝ սթեյքի մեջ պանիր «խցկեն»: Իսկապես չեմ հասկանում՝ ո՞րն է հաճույքը, երբ մսից պանիր է հոսում: Չնայած գուցե իմ համեստ գաստրոիմացությամբ միայն ինձ է դա վտանգավոր թվում: Դեռ կպարզենք: Բայց այլեւս ոչ ոքի չեմ խնայելու: Եթե վատ է, կգրեմ, որ վատ է: Կներեք։ Եվ պակաս պաթոսով, պարոնայք ռեստորատորներ՝ մթերքները դա չեն սիրում:

Ի դեպ, ժամանակին Միշլեն աստղ է ստացել Հոնկոնգում սովորական արագ սննդի կետը՝ Liao Fan Hong Kong Soya Sauce Chicken Rice Noodle-ը: Ասում են՝ այնտեղ լավ կերակուր են պատրաստում եւ իրենց չեն երեւակայում...

Աննա Սաթյան

 



© NEWS.am STYLE