«Կյանքում իմ կերպարը հաստատ վտանգավոր չէ». «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի նոր ֆոտոշարքն ու տարբերվող look-երը

18:08   31 օգոստոսի, 2019

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել դրա իրականացման, «Միսս Տիեզերք»-ին նախապատրաստվելու, անընդհատ կատարելագործվելու եւ ամառային հանգստի մասին:

Ֆոտոշարքում Դայանան տարբեր կերպարներում է, իսկ մի քանիսում` նույնիսկ «վտանգավոր աղջկա» դերում:

«Կախված ֆոտոշութի տարբեր հագուստներից՝ փորձում եմ կերպարանափոխվել, պատկերացնել ինձ տվյալ դերում: Սակայն կերպարները տարբեր են, եւ կյանքում իմ կերպարը հաստատ վտանգավոր չէ»,-վստահեցնում է նա:

Գեղեցկուհին խոստովանում է` «Միսս Տիեղերք Արմենիա» մրցույթը հաղթելուց հետո տարբեր առաջարկներ է ստանում, հատկապես` ֆոտոշարքերի: Իսկ տարբեր կերպարներով լուսանկարվելը մոդելի համար բարդ չի եղել.

«Մինչ այժմ եղել են տարբեր կերպարներ, սակայն այսպիսին առաջին անգամն էր, բայց բարդություն բոլորովին չառաջացրեց: Հնարավոր է` պատճառն այն է, որ միշտ սիրել եմ թատերական արվեստը»:

Դայանայից հետաքրքրվեցինք նաեւ, թե տիտղոսին արժանանալուց հետո մինչ օրս ինչ փոփոխություններ է նկատել իր մեջ եւ հանրության կողմից.

«Տիտղոս կրելը չափազանց հաճելի է, բայց նաեւ` շատ պարտավորեցնող: Աշխարհի ամենահեղինակավոր եւ ամենամեծաքանակ հետեւորդներ ունեցող գեղեցկության մրցույթին պատվով ներկայանալն ու արժանավայել կերպով երկիրը ներկայացնելը պահանջում է մեծ աշխատանք՝ սկսած լեզվի կատարելագործումից, մինչեւ գաղափարների բարձրաձայնումն ու արտաքինին ու կազմվածքին հետեւելը: Իսկ այդ ամենը պահանջում է շատ ժամանակ եւ էներգիա, մանավանդ ուսանողական կյանքի հետ համատեղելու պարագայում»,-ասում է ու հավելում,-«Շատերը ջերմորեն շնորհավորում են եւ մաղթում հաջողություն: Հարցազրույց եւ շփումներ եմ ունեցել նաեւ արտերկրի հայ համայնքների հետ (մասնավորապես Բրազիլիայի եւ Ֆրանսիայի): Իսկ երբ զգում ես, որ քեզ սրտանց երկրպագում են եւ սատարում քո հայրենակիցները, կարծես` ավելի ես վստահում ուժերիդ եւ ոգեշնչվում»:

Դայանայի համար «Միսս Տիեզերք»-ին մասնակցելը մանկության երազաք է եղել, սակայն 20-ամյա գեղեցկուհին ասում է` այն ժամանակ չէր կարող պակերացնել, որ Հայաստանը երբեւէ կունենա այդ իրավունքը:

«Ես շատ հպարտ եմ, որ այս շքեղ ու հեղինակավոր մրցույթում, որտեղ Հայաստանը ներկայանում է երկրորդ անգամ, այս երկրորդ տարում ինձ է հնարավորություն ընձեռնվել ներկայացնել երկիրս»:

Մինչ «Միսս Տիեզերք»-ի նախապատրաստական փուլը մոդելը հասցրել է վայելել ամառային հանգիստը.

«Քանի որ շուտով մեկնելու եմ մրցույթի, ըստ երեւույթին` ոչ մոտ երկիր, որոշեցինք ամռանը հեռու տեղ չմեկնել եւ մնալ հայրենիքում: Հանգստացա Սեւանի ափին»:

Դայանան արդեն ակտիվորեն նախապատրաստվում է մրցույթին. «Կատարելագործում եմ անգլերենս, զբաղվում եմ ֆիթնեսով, մասնացում եմ բազմատեսակ ֆոտոշութերի, աշխատում եմ մրցույթին անհրաժեշտ գաղափարախոսությունների շուրջ»:

Մրցույթից հետո Դայանան պատրաստվում է կատարել դիպլոմային աշխատանքը, այնուհետեւ՝ շարունակել ուսումը գրաֆիկական դիզայն մասնագիտությամբ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Mika Gal Photography



© NEWS.am STYLE