Nemra-ի դպրոցական հուշերն ու լուսանկարները. ո՞վ էր ամենից քնկոտը, ո՞վ՝ կռվարարը, ո՞վ՝ պարտաճանաչը եւ ո՞վ՝ «անհամբերը»

14:25   1 սեպտեմբերի, 2019

Դպրոցական հին լուսանկարներ նյուզֆիդում, գրառումներ, շնորհավորանքներ եւ շատ ու շատ հուզված կամ երջանիկ առաջինդասարանցիներ՝ այո, այո՝ այսօր այդ օրն է՝ սեպտեմբերի 1-ը, երբ շատերն առաջին անգամ ոտք դրեցին դպրոց, շատերը՝ համալսարան, ոմանք արդեն տարիներ է, ինչ դպրոցական կամ ուսանող են, իսկ նրանք էլ, ովքեր վաղուց են ավարտել, հիշում են ու կիսվում հուշերով՝ անկախ նրանից՝ ժամանակին սիրե՞լ են դպրոցը, թե՞ ոչ:

Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին եւ ուսանողներին կրթության առաջին օրվա առթիվ, իսկ Nemra ռոք խմբի երկրպագուներին առաջարկում մի պահ մի կողմ դնել գրքերն ու պայուսակներն ու ընթերցել խմբի անդամների հետ մեր «դպրոցական» զրույցը, որի ընթացքում կպարզեք՝ ով էր ամենից պարտաճանաչը, ով՝ ամենաքնկոտը, ով՝ կռվարարը եւ ով՝ ամենից վաղ դպրոց հաճախածը:

Խմբի վոկալիստ Վանը սովորել է Երեւանի Վահագն Դավթյանի անվան 149 դպրոցում.

«Մեր տանը մոտ էր, դասերից հետո էլ հիմնականում այնտեղի ֆուտբոլի դաշտում էինք անցկացնում: Հիշում եմ, որ այդպես էլ երբեք չօգտվեցի դպրոցի զուգարանից ու բուֆետից  (ծիծաղում է): Բացի դասերից՝ ամենից շատ ֆուտբոլային մասն է տպավորվել՝ թիմ էինք կազմել, խաղում էինք, էդ էր սիրելի մասը. առանձնապես չէի խենթանում դպրոցի համար: Լավ էի սովորում, բայց սիրով չէի գնում, քանի որ առավոտյան արթնանալու խնդիր ունեի ու մինչեւ հիմա էլ ունեմ:

Շատ դժվարությամբ էի արթնանում ու գնում, ու ամբողջ օրս անջատված էր անցնում դրա պատճառով»,-նշեց երգիչը՝ հավելելով, որ, առհասարակ, ոչ մանկապարտեզն է սիրել, ոչ դպրոցը, ոչ համալսարանը. կարծում է ՝ այդ ոլորտներում ամբողջությամբ սխալ համակարգ է գործում:

Խմբի մյուս անդամը՝ Վանի կրտսեր եղբայր Վասպուրը, նույն՝ համար 149 դպրոցում է սովորել.

«Ոչ թե սեպտեմբերի 1-ից եմ գնացել առաջին դասարան, այլ փետրվարից՝ երկրորդ կիսամյակից»,-պատմեց Վասպուրը: Իսկ Վանը մանրամասնեց.  «Ես առաջին դասարանում էի, ինքը 5 տարեկան էր, բայց անհամբեր էր ու իմ փոխարեն բոլոր դասերը ինքնուրույն դնում սովորում էր. այդպես՝ ծնողներս որոշեցին իրեն էլ ուղարկել դպրոց. խնդրեցինք դպրոցին, որ կեսից միանա, այդ պատճառով էլ Երեւանի պետական համալսարան ընդունվեց 15 տարեկանում»:

Մարեկն ի տարբերություն բենդի մյուս անդամների՝ դպրոցական շրջանի լուսանկար չգտավ: Դպրոցի հետ կապված երաժիշտը հիշեց, թե ինչպես էին երկրորդ դասարանում իրեն դպրոցից հեռացրել՝ աշակերտներից մեկին ծեծելու պատճառով, սակայն շուտով ետ են ընդունել. «Միայն դա եմ հիշում ու այն, թե ինչպես էի ուրախանում, երբ արձակուրդ էր լինում»,-անկեծացավ նա:

Խմբի գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ Մարիաննան, սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում:

«1993 թվականին գնացել եմ զրո դասարան, սեւ մութ տարիները նոր-նոր ավարտվում էին. հիշում եմ, որ դասամիջոցներին «պեչենի» էին բերում ու թեյնիկներով կաթ։ Համեմատաբար լավ ապրող երեխաները հետները կակաոյի փոշի էին բերում ու շաքարավազ։

Բացի դրանից, քանի-որ մեր դպրոցը երաժշտական էր, ամեն դասարանում կար դաշնամուր, ու դասամիջոցներին երեխաներով հավաքվում էինք դաշնամուրի մոտ եւ ով ինչ հասցնում, նվագում էր»:

Մարիաննան հավելեց՝ այնքան է սիրել դպրոցը, որ, նույնիսկ, երբ հիվանդանում էր, մայրիկին չէր ասում, որպեսզի չհորդորեր իրեն մնալ տանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE