Ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին ելույթ կունենա Երեւանում

17:45   3 սեպտեմբերի, 2019

Երեւանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով:

«Բացարձակ հրաշք»՝ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19:30-ին: Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի եւ Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը եւ այլք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական «The Swingles» վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին «Գրեմմի» մրցանակիր ամերիկյան Պարկեր քառյակի (Parker Quartet) եւ Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:



© NEWS.am STYLE