«Այդ տեսարանն, իսկապես, լացելով խաղաց». Անի Պետրոսյանը «Թղթե երազանք»-ում իր դերի, էկրանային որդու եւ նրա հետ ամենահուզիչ դրվագներից մեկի մասին

16:04   3 սեպտեմբերի, 2019

Երեկ՝ սեպտեմբերի 2-ից, «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկեց ռեժիսոր Գարրի Զաքարյանի եւ սցենարիստ Անի Մաղաքյանի «Թղթե երազանք» 24 մասից բաղկացած հեռուստասերիալը: Ֆիմի սյուժեի կիզակետում գյումրեցի 10-ամյա պատանի Հայկն է, որը չնայած կյանքի դժվարություններին՝ ունի երազանք՝ մեծանալ, ընդունվել համալսարան, լավ աշխատանք ունենալ ու վերադառնալ Գյումրի՝ մայրիկին լավ կյանքով ապահովելու:

Ֆիլմում փոքրիկ ու երազկոտ տղային մարմնավորում է Մանվել Լոռեցյանը, իսկ նրա մայրիկի դերում Անի Պետրոսյանն է: Դերասանուհուն հեռուստադիտողը բազմիցս տեսել է տարբեր կերպարներում՝ թե´ դրամատիկ, թե´ հումորային: Անիի այս կերպարը շատերին կստիպի հուզվել եւ, նույնիսկ, արտասվել, բայց միեւնույն ժամանակ կներկայացնի կնոջ ուժեղ եւ պայքարող մի տեսակի:

NEWS.am STYLE-ը Անիին հանդիպեց «Թղթե երազանք» ֆիլմի փակ դիտմանը՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի դիտումից հետո դերասանուին խոստովանեց՝ «ահավոր լարված» է, բայց ժպիտով եւ սիրով պատասխանեց մեր մի քանի հարցին:

«Ճիշտն ասած՝ շատ լարված էի ու վախենում էի: Չգիտեի՝ ինչպես կընդունվի: Ես այդպիսինն  եմ: Ասում են՝ անհանգիստ եմ, բայց միշտ այդպես է՝ մինչեւ աշխատանքն իմ աչքերով չեմ տեսնում, վերջնական չեմ համոզվում, որ լավ է: Հիմա ինքս ինձ գնահատական չեմ տալիս, բայց ամեն դեպքում՝ դժգոհ էլ չեմ»:

Անդրադառնալով ֆիլմում իր որդուն մարմնավորող Մանվելի հետ աշխատանքին՝ դերասանուհին նշեց.

«Փոքրիկն ինձ շատ է օգնել այս դերը կերտելու հարցում, որովհետեւ նրա անկեղծությունը փոխանցվում էր ինձ: Երջանիկ եմ ու ուրախ եւ շատ կուզեմ՝ իրոք մարդիկ դիտեն ու հավանեն այս նախագիծը, որը, կարծում եմ, սովորական հեռուստանախագիծ չէ»:

Անին նաեւ հիշեց ֆիլմում իր համար ամենաբարդ տեսարաններից մեկը.

«Պատկերացրեք՝ շատ հեշտ էր փոքրիկների հետ աշխատելը: Մի-երկու անգամ է եղել, որ բարդության եմ հանդիպել: Դրանցից մեկն այն տեսարանն էր, երբ պետք է ապտակեի երեխային: Արդեն 18-րդ դուբլն էինք նկարում, ու շատ ցուրտ էր դրսում: Ռեժիսոր Գարրի Զաքարյանը մոտեցավ ու ասաց՝ պիտի ապտակես: Ապտակեցի ու պատկերացրեք՝  նա չկանգնեց,  ու այդ տեսարանն, իսկապես, մինչեւ վերջ լացելով խաղաց: Մինչ այդ, անընդհատ ծիծաղում էր, երբ ապտակում էի: Բայց այդ դրվագը, որը կտեսնեք սերիալում, նա իսկապես, լացելով է խաղացել»:

Ինչ վերաբերում է գյումրվա բարբառին՝ դա էլ Անիին դժվար չի տրվել, քանի որ ինքն էլ արմատներով գյումրեցի է.

«Ճիշտ է՝ կարծում էի՝ մի փոքր բարդ է լինելու, որովհետեւ երկար ժամանակ չէի խոսել բարբառով, բայց, իհարկե, գյումրեցի լինելն ինձ շատ օգնեց»:

Շատերն Անիին սովոր են տեսնել շիկահերի կերպարում, բայց վերջին շրջանում դերասանուհին ավելի հաճախ ներկայանում է սեւ վարսերով: Նրա հետ խոսեցինք նաեւ այդ ոճափոխության մասին:

«Այս նախագծից  առաջ նկարահանվել եմ այլ ֆիլմում, որի համար մազերս կտրեցին ու ներկեցին, դրանից հետո այդպես մնաց: Էլի նոր դերերի առաջարկ ստացա, որտեղ սեւ մազերով հերոսուհի էր պահանջվում, ու այդպես էլ մնաց: Դեռեւս չեմ փոփոխի գույնը»,-նշեց դերասանոհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE